ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետնախարարի կարևոր արձանագրումները. սեպտեմբերյան հանդիպումներից հետո` Սենատի բանաձև

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ֆրանսիայի Սենատի բանաձևը շատ կարևոր ձևակերպումներ է պարունակում Արցախի սուբյեկտայնության տեսանկյունից: Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն է այս արձանագրումն արել։ Պետնախարարը դեռ սեպտեմբերին Ֆրանսիայում կարևոր հանդիպումների շարք էր ունեցել, տարբեր երկրների ազդեցիկ անձանց, նաև Ֆրանսիայի քաղաքական առաջատար դեմքերի բացատրել Արցախի անվտանգության ու զարգացման ապահովման գործողությունները։ «Այսօր, և՛ Սփյուռքի, և՛ Հայաստանի բարեկամների համար շատ կարևոր է օգտագործել այս արտաքին ռեսուրսը ի շահ հայ ժողովրդի»,- նշել էր Վարդանյանը։


Երեկ Ֆրանսիայի Սենատը ձայների՝ 296 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ ընդունել է բանաձևը, որով կոչ է անում կառավարությանը պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ։ Փաստաթուղթը նաև կոչ է անում Բաքվին դուրս բերել ուժերը Հայաստանի տարածքից ու երաշխավորել, որ Լաչինի միջանցքի կարգավիճակը մնա անփոփոխ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն։ Ֆրանսիական խորհրդարանի վերին պալատը նաև խնդրում է Ֆրանսիայի կառավարությանը դիտարկել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական գրասենյակ ստեղծելու հարցը, ինչպես նաև բոլոր միջոցներով ցույց տալ Փարիզի աջակցությունը Երևանին՝ քննարկելով Հայաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդումը։


«Փաստաթուղթը վերահաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման և այդ ճանաչումը երկարատև խաղաղության հաստատման բանակցություններում որպես գործիք օգտագործելու անհրաժեշտությունը: Բանաձևում ընդգծվում է նաև, որ Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ կրկնվող ագրեսիվ գործողությունները սպառնում են արցախահայության անվտանգությանն ու ազատությանը»,- նշել է պետնախարար Ռուբեն Վարդանյանն ու հավելել, թե սրանք այն կետերն են, որոնք կարևոր են Արցախի ու արցախահայության ապագայի համար: Իր հայրենիքում անվտանգ ու արժանապատիվ ապրելու համար արցախահայության արդար պայքարը մեկ օր հասնելու է իր նպատակին՝ հայ ժողովրդի վճռականության և մեր բարեկամների աջակցության շնորհիվ։ 


Չգերագնահատելով Արցախի պետնախարարի, այլ պաշտոնյաների, հայկական կառույցների աշխատանքը, անհրաժեշտ է ընդգծել, որ միայն այս կերպ է հնարավոր հաջողություններ գրանցել թե՛ դիվանագիտական ասպարեզում, թե՛ այլ ոլորտներում։

Կարեն Վարդապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular