ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանն ու Ադրբեջանը երկարաժամկետ խաղաղություն հաստատելու պատմական հնարավորություն ունեն․ Քերըն Դոնֆրիդ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հայաստանն ու Ադրբեջանը երկարաժամկետ խաղաղություն հաստատելու պատմական հնարավորություն ունեն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդը՝ ելույթ ունենալով Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ։

«Անհաջողություններ եղան, օրինակ՝ սեպտեմբերի 13-14-ի մարտական բախումները։ Մենք անմիջապես միջամտեցինք՝ հրադադարի հասնելու համար։ Այս անհաջողությունը մեզ բոլորիս հիշեցրեց իրավիճակի փխրունության եւ խաղաղության համապարփակ համաձայնագրի ձեռքբերման կարեւորության մասին: Պետքարտուղար Բլինքենի ջանքերը նպաստեցին երկխոսությանը: Նա սեպտեմբերի 19-ին եւ նոյեմբերի 7-ին հանդիպեց երկու երկրների ԱԳ նախարարների հետ, ինչպես նաեւ հեռախոսազրույցներ ունեցավ երկու երկրների նախարարների հետ։ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հանդիպեց Հայաստանի եւ Ադրբեջանի գործընկերների հետ՝ ցույց տալով ԱՄՆ հավատարմությունը տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը: Մեր ջանքերով հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը ազատ արձակեց 17 հայ ռազմագերիների։ Նման գործողությունները նպաստել են վստահության կերտմանը, որն անհրաժեշտ է երկու կողմերին, եւ մենք կօգտագործենք բոլոր հնարավորությունները, որպեսզի կոչ անենք Ադրբեջանին ազատ արձակել մնացած հայ գերիներին:

Մենք շարունակում ենք խրախուսել Հայաստանին եւ Ադրբեջանին, որ պահպանեն բանակցությունների թափը, եւ դա անում ենք ԵՄ-ի ու այլ գործընկերների հետ սերտ համագործակցությամբ: Այս ոգով մենք դրական ենք գնահատում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսությունը եւ երկու կողմերին էլ հասկացրել ենք, որ ցանկանում ենք դրական դեր խաղալ։ Այն (երկխոսությունը) տարածաշրջանային կայունությունը բարձրացնելու եւ ավելի մեծ տնտեսական զարգացման տանելու ներուժ ունի: Սա ավելի կարեւոր է դառնում այժմ Ուկրաինայի պատերազմի համատեքստում։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությունը համապատասխանում է միջազգային անվտանգության շահերին»,- նշել է նա։

«Հայաստանի հետ մեր երկկողմ հարաբերություններն ավելի ամուր երբեք չեն եղել։ Մենք շարունակում ենք ուղիներ որոնել՝ անվտանգության ոլորտում հարաբերությունները ընդլայնելու եւ ժողովրդավարական ու տնտեսական զարգացման ոլորտում համագործակցությունը խորացնելու համար։ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսությունն այս գործընկերության առաջնային ձեւաչափն է: Մայիսին Վաշինգտոնում կայացած Ռազմավարական երկխոսության ժամանակ մենք Հայաստանի հետ միջուկային համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր ստորագրեցինք, որը կարող է նպաստել Հայաստանի էներգետիկ անկախությանը եւ կառուցել հայ-ամերիկյան ավելի ամուր համագործակցություն ատոմային էներգետիկայի ոլորտում, ներառյալ ամերիկյան փոքր մոդուլային ռեակտորների տրամադրումը։ Ես ոգեւորված եմ հաջորդ տարի Երեւանում Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսությանն առաջիկա մասնակցությամբ»,- ասել է Դոնֆրիդը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular