Սիրիայում և Իրաքում կարող է ցամաքային «ռազմական գործողություն իրականացվել». Էրդողան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ օդայինից հետո Անկարան ցամաքային գործողություն կսկսի Սիրիայում և Իրաքում։
Նոյեմբերի 20-ին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր «Սուր ճանկեր» գործողության մասին։ Անկարան կարծում է, որ Սիրիայում Քրդստանի աշխատավորական կուսակցությունը ներգրավված է եղել Ստամբուլի կենտրոնում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչությանը։
Գործողության ընդամենը մեկ օրվա ընթացքում թուրքական զինուժը Սիրիայում ոչնչացրել է 89 թիրախ, այդ թվում՝ ապաստարաններ ու զինամթերքի պահեստներ։ Նոյեմբերի 20-ի երեկոյան թուրք-սիրիական սահմանի անցակետը հրթիռակոծվել է, ինչի հետևանքով՝ զոհվել է երկու ոստիկան և մեկ զինվոր։
«Անհնար է, որ սա սահմանափակվի միայն օդային օպերացիայով։ Քանի՞ ցամաքային ուժ պետք է ներգրավվի այս գործողությանը, մեր համապատասխան ստորաբաժանումները, պաշտպանության նախարարությունը և գլխավոր շտաբը միասին կորոշեն»,-ասել է Էրդողանը CNN Turk-ին տված հարցազրույցում։
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ նախ կանցկացվեն խորհրդակցություններ, որից հետո քայլեր կձեռնարկվեն։ Էրդողանը հավելել է, որ Անկարան արդեն դիվանագիտական կապեր է հաստատել տարածաշրջանում ներկա պետությունների հետ։
Նույն հարցազրույցում Էրդողանն ասել է, որ չի քննարկել թուրքական օդուժի գործողությունը Հյուսիսային Սիրիայում և Իրաքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կամ Ամերիկայի առաջնորդ Ջո Բայդենի հետ։