ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


​Սարսափելի պայթյուն ու որոշում, որ փոխեց սիրիահայ աղջկա ճակատագիրը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ծովակի քույրն այդ օրը վատ երազ էր տեսել ու նրան հորդորում էր աշխատանքի չգնալ: Երազում պայթյուն էր որոտացել...

2013 թվական, ապրիլի 8, Դամասկոս: Ծովակ Սողոմոնյանն այդ օրը չի ուզում հիշել, ամեն ինչ նորից վերապրում է, սակայն մոռանալ էլ չի կարող, քանի որ դա իր համար ճակատագրական օր էր:

Համալսարանում բիզնես սովորող 20-ամյա ուսանողուհին աշխատանքային պայմանագրով փորձաշրջան էր անցնում Սիրիայի կենտրոնական բանկում: Այդ օրը նրա պայմանագրի վերջին օրն էր: Աշխատավայրում նրան հավանել էին, ցանկանում էին երկարացնել պայմանագիրը, ու նա պիտի որոշում կայացներ: Հանկարծ կեսօրին մոտ մի հզոր պայթյուն է որոտում: Մինչ աղջիկն ուշքի կգար, պատուհանի հսկա ապակին ուժգին հարվածով ընկնում է նրա վրա: Ծովակը հասցնում է միայն ձեռքերով փակել դեմքը: Երբ ուշքի է գալիս, սարսափելի տեսարանի է ականատես լինում.

Սիրիայի կենտրոնական բանկը, որի անվտանգությունն այդ օրերին կրկնակի ուժեղացված էր, զերծ չմնաց ահաբեկչական գործողությունից` պատճառելով ավերածություն, զոհեր ու վիրավորներ: Ծովակը լուրջ վնասվածքներ է ստանում, բայց հրաշքով փրկվում է: Սակայն այդ օրվանից նրա կյանքը նոր փուլ է մտնում` պատերազմի շրջափուլ: Ամիսներ շարունակ բուժումներ, հոգեբանական խոր ճգնաժամ… Անգամ համալսարան չէր գնում, իսկ Կենտրոնական բանկ վերադառնալու մտքից միայն սարսափում էր: Երկար ժամանակ նա չէր կարողանում հաղթահարել ճգնաժամը: Ծովակի ծնողները Քեսաբից են, սակայն տեղափոխվել են Դամասկոս: Ծովակն իրեն քեսաբցի է համարում:

Ե՛վ նա, և՛ ընտանիքի մյուս անդամները երբևէ չէին եղել Հայաստանում: Այդ օրերին Ծովակի հորեղբայրը, որն ապրում է Դուբայում, նրան առաջարկում է գնալ Հայաստան շրջագայելու, ուր նաև հորաքրոջ աղջկա հարսանիքն էր լինելու: «Մորաքույրս 30 տարի առաջ Հայաստանում պոլիտեխնիկն էր ավարտել, շատ ընկերներ ունի էստեղ ու շատ է սիրում Հայաստանը, չնայած ինքն ապրում է Ամերիկայում: Ինձ ասում էր, որ եթե մի անգամ գամ Հայաստան, այնպես կսիրեմ, որ այլևս չեմ վերադառնա Սիրիա: Այդպես էլ եղավ»,- պատմում է նա:

2014 թվականի հուլիսին նա գալիս է Հայաստան, շրջագայում, տեսնում Արարատը, Սևանը, Գառնին, շփվում հայաստանցիների հետ ու ամենակարևորը` վայելում խաղաղությունն ու իրեն լիարժեք ապահով ու պաշտպանված զգում: Հայաստանում նա հաղթահարում է հոգեկան լարվածությունը: Երբ տասն օր անց վերադառնում է Դամասկոս, զգում է, որ այլևս ոչ մի վայրկյան չի ուզում մնալ այնտեղ: Մեկ շաբաթ անց վերադառնում է Հայաստան ու որոշում մեկընդմիշտ մնալ այստեղ: «Ծնողներս չկարողացան գալ,- պատմում է Ծովակը,- սկզբում ապրում էի մորաքրոջս ընկերներից մեկի տանը, որտեղ ինձ հարազատի պես էին վերաբերվում: Մենք գիտենք` հայրենիքը միայն Արարատ լեռն է, բայց ժողովրդի վերաբերմունքը ինձ շատ օգնեց ավելի ճանաչելու ու սիրելու այս երկիրը: Այստեղ բոլորը պատրաստ են քեզ օգնել»:

Հայաստանում Ծովակը որոշում է կիսատ թողած ուսումը շարունակել: Դեռևս լավ ծանոթ չլինելով տեղի բուհական համակարգին` սկզբում ընդունվում է Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարան, բայց հետո հասկանալով, որ դա իրենը չի, որոշում է ուսումը շարունակել բիզնեսի ոլորտում, որպեսզի Սիրիայում ձեռք բերած գիտելիքները կիսատ չմնան: Նա ծանոթանում է գյումրեցի մի ուսանող աղջկա հետ, որի հետ բնակարան է վարձում: Հենց նա էլ դառնում է Ծովակի ամենամտերիմ ընկերուհին ու խորհրդատուն Հայաստանում: Ընկերուհին Ծովակին խորհուրդ է տալիս ընդունվել Հայաստանում ֆրանսիական համալսարանի մարքեթինգի բաժին:

Ծովակ Սողոմոնյան

Ծովակը գեթ մի բառ ֆրանսերեն չգիտեր, բայց այնքան է ոգևորվում այդ գաղափարով, որ 5 ամսում ֆրանսերեն է սովորում և հաջողությամբ քննությունները հանձնելով` միանգամից երրորդ կուրս նստում: Այսօր նա չորրորդ կուրսի ուսանող է և շատ գոհ իր որոշման համար: Ասում է, որ իրեն ոչ միայն ուսանող ընկերներն են աջակցում, այլև հենց բուհի ղեկավարությունը, որը գրեթե ամբողջությամբ փոխհատուցում է վարձավճարը: Ուսմանը զուգահեռ` Ծովակն աշխատում է «Վերադարձ Հայաստան» հիմնադրամում իբրև հայրենադարձների բիզնեսի զարգացման «Սիրամարգ» ծրագրի համակարգող:

Հիշեցնենք, որ «Վերադարձ Հայաստան» հիմնադրամը 2012 թվականից զբաղվում է հայրենադարձության աջակցման ծրագրերով, և բազմաթիվ հայրենադարձներ այսօր Հայաստանում են հենց այս կազմակերպության շնորհիվ: Այստեղ Ծովակը ձեռք է բերում ոչ միայն կայուն աշխատանք, ընկերներ, այլև հստակ գաղափարախոսություն ու նպատակներ: Եթե նախկինում նա նշում էր, որ Հայաստան է եկել Սիրիայի պատերազմի հետևանքով, ապա հիմա վստահ ասում է.

«Ես հայրենադարձ եմ: Այո, պատերազմն է եղել պատճառը, որ Հայաստան գամ, բայց եթե հիմա ինձ հարցնեն` Հայաստանից դուրս կգա՞ս, ես կասեմ` ո՛չ: Կգնամ դուրս միայն հայրենիքիս մի բան բերելու համար»,- ասում է Ծովակն ու ցավով հավելում, որ սփյուռքում շատերը Հայաստանի մասին ոչինչ չգիտեն:

Այո, խոստովանում է, որ Սիրիայում ինքն էլ քիչ բան գիտեր Հայաստանի ու հայաստանցիների մասին, իսկ հիմա գիտի գրեթե ամեն ինչ, սիրում ու ճանաչում է ոչ միայն Երևանը, այլև մյուս քաղաքները և ուզում է, որ բոլոր սփյուռքահայերը ինչ-որ ձևով ներգրավվեն Հայաստանի կյանքում ու փորձեմ առաջ տանել այն.

«Այս երկիրն արժանի է, որ ամեն տեղից մեր հայրենակիցները գան և իրենց զարգացումը բերեն: Ես հավատում եմ, որ երկու, հինգ կամ տասը տարի հետո Հայաստանն առաջ է գնալու: Ի դեպ, մեզ մոտ նաև շատ օտարերկրացիներ կան: Ինչո՞ւ են գալիս, որովհետև իրենք մեզանից ավելի են հավատում: Ես էլ եմ հավատում և ուզում եմ, որ մեր Սփյուռքն էլ հավատա»,-ասում է իրեն հայրենադարձ ու լիարժեք հայաստանցի համարող սիրիահայ Ծովակը:


Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular