Ռուսները պետք է կատարեն իրենց պարտավորությունները․ Թուրքիան աջակցում է Ադրբեջանին իր «արդար» քայլերում․ Չավուշօղլու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչները շարունակում են երկխոսությունը երկկողմ հարաբերությունների կարգավորման շուրջ։ Կողմերը նախապես համակարգված քայլեր են ձեռնարկել օդային տարածքը բացելու ուղղությամբ։ Թուրքիան ինքը մի շարք որոշումներ է ընդունել օդային տրանսպորտի ոլորտում, որոնք միտված են եղել վստահության բարձրացմանը։ Կարծում եմ, որ Երեւանը նույնպես պետք է անկեղծ քայլեր կատարի Անկարայի հետ երկխոսության հարցում»,- այս մասին չորեքշաբթի օրը լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, հաղորդում է Anadolu-ն։
Նրա խոսքով, Հայաստանը պետք է արձագանքի «Թուրքիայի անկեղծ քայլերին». «Ադրբեջանի և Թուրքիայի դիրքորոշումները չափազանց բաց են, հետևաբար, անկասկած, [Երևանի] անկեղծ քայլերն անպատասխան չեն մնա։ Կոնկրետ քայլերը կարևոր են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության համար։ Հայաստանը պետք է որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր ստորագրի»,- ասել է թուրք նախարարը։
Չավուշօղլուի խոսքով՝ բոլոր կողմերը պետք է գիտակցեն, որ բոլոր որոշումները պետք է բխեն հենց տարածաշրջանի երկրներից։
Անդրադառնալով Լաչինի միջանցքում իրավիճակի զարգացմանը՝ թուրք նախարարը հայտարարել է, թե «Ադրբեջանի հողերում ժամանակավորապես տեղակայված» ռուս զինվորականները ժամանել են տարածաշրջան՝ խաղաղություն ապահովելու նպատակով։ «Ռուսների առաքելությունը խաղաղությունը պաշտպանելն է։ Միաժամանակ, Ադրբեջանի հանքավայրերի ապօրինի շահագործումը հակասում է միջազգային իրավունքի նորմերին։ Այդ տարածքների մոնիտորինգի կանխումը վկայում է ընդերքի կողոպուտի մասշտաբների մասին։ Ռուսական կողմը պետք է համագործակցի [Բաքվի հետ] այս հարցում, և այնտեղ ապրող հայերը չպետք է խանգարեն փորձագետների այցերին»,- ընդգծել է թուրքական դիվանագիտության ղեկավարը։
Նրա խոսքով, այս հարցում հատուկ դեր ունեն ռուս զինվորականները, որոնք պատասխանատու են Լաչինի միջանցքի բնականոն գործունեության համար։
«Ռուսները պետք է կատարեն իրենց պարտավորությունները։ Ադրբեջանը իրավացի է սեփական տարածքներում անօրինական գործողությունները կանխելու հարցում։ Թուրքիան աջակցում է Ադրբեջանին իր արդար քայլերում»,- ասել է Չավուշօղլուն։