ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է առավել հետևողական լինել հանքերի ապօրինի շահագործման բոլոր դեպքերին

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում շարունակվել է գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվության քննարկումը:

Վարչապետին նախ զեկուցվել են ճանապարհաշինության ոլորտի կառավարման մասնագետների պատրաստման, ճանապարհային անվտանգության ապահովման ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ավտոճանապարհների կառուցման ու վերանորոգման գործում նկատվում է որակի բարձրացման դրական փոփոխություն, սակայն այն դեռևս հեռու է միջազգային չափանիշներին համապատասխանելուց: «Աշխատանքներն իրականացնելիս պետք է ապահովվի ներդրումների արդյունավետությունը»,- ընդգծել է վարչապետը՝ ավելացնելով, որ որակի բարձրացման, համապատասախան ստանդարտների ներդրման ուղղությամբ աշխատանքները պետք է կրեն հետևողական ու շարունակական բնույթ:

Հաջորդիվ անդրադարձ է կատարվել մարզային ուղևորափոխադրումների կազմակերպման, տաքսի ծառայությունների ոլորտի կարգավորումներին, մատուցվող ծառայությունների բարելավման ուղղությամբ իրականացվելիք քայլերին:

Զեկուցվել է երկաթուղային ոլորտում տեղի ունեցող զարգացումների, մասնավորապես, ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին: Վարչապետը կարևորել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կողմից ստանձնած պարտավորություններին համապատասխան ներդրումային ծրագրերի արդյունավետ իրականացումը և նշել, որ երկարաժամկետ առումով պետք է ունենալ երկաթուղու զարգացման ռազմավարական տեսլական:

Այնուհետև անդրադարձ է կատարվել էներգետիկայի ոլորտի ազատականացման գործընթացին, Հայաստան-Վրաստան փոխարկիչ կայանի և Իրան-Հայաստան 3-րդ էլեկտրահաղորդման գծի, Մասրիկ-1 էլեկտրակայանի կառուցման ընթացքին, արևային էներգիայի ոլորտում տեղի ունեցող զարգացումներին: Վարչապետն ընդգծել է էներգետիկ ոլորտի զարգացման ծրագրերի իրականացման կարևորությունը և ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված վերոնշյալ աշխատանքների արդյունավետ կյանքի կոչման անհրաժեշտությունը: Տեղեկացվել է նաև, որ շարունակվում է բնակելի շենքերում էներգաարդյունավետության ապահովման ծրագիրը, մասնավորապես, այն արդեն իսկ կյանքի է կոչվել 57 շենքում: Պատասխանատուների խոսքով՝ արդյունքում արձանագրվել է 40-50 տոկոս էներգախնայողություն:

Քննարկվել են Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը, հանքարդյունաբերության ոլորտում իրականացվող կարգավորումներին վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է առավել հետևողական լինել հանքերի ապօրինի շահագործման բոլոր դեպքերին, ձևավորել միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ դրանք արդյունավետ կերպով բացահայտելու նպատակով:

Զեկուցվել է նաև մեր երկրում աշխատանքի հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ տրամադրելու  գործընթացի վերաբերյալ: Նշվել է, որ այն թվայնացվել է, վարչարարությունն իրականացվում է էլեկտրոնային հարթակի միջոցով, ինչի արդյունքում էապես կրճատվել են գործընթացի ժամկետներն ու բարելավվել մատուցվող ծառայությունների որակը: Տեղեկացվել է, որ Ադրբեջանից բռնագաղթած և ժամանակավոր կացարաններում բնակվող փախստականներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու պարտավորությունը կառավարությունը հաջողությամբ իրականացնում է և այն լիովին կամփոփի մարզերում՝ 2023 թվականին: Երևանում արդեն իսկ ԲԳՎ-ներ են հատկացվել 270 ընտանիքի, իսկ մարզերում կհատկացվի 194 ընտանիքի:  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular