ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը չորս օր անց բարեհաճեց հիշել Արցախի մասին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ վերջապես Հայաստան-Արցախ ճանապարհի փակ լինելուց 4 օր անց բարեհաճեց կառավարության նիստում նվնվալ և բողոքել Ադրբեջանի քայլերից։ Նաև թվիթերում երկու գրառում արեց՝ հայտարարելով, թե Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման և գազամատակարարման խափանման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հավաքված 120 հազար մարդ հայտնվել է պատանդի կարգավիճակում։

Փաշինյանի խոսքով՝ դպրոցներն ու մանկապարտեզները ստիպված են դադարեցնել աշխատանքները, 22 հազար երեխա զրկված է կրթության իրավունքից։ Մինչ Հայաստանի իշխանությունները ջայլամի պես գլուխները թաղել են ավազի մեջ և հրաժարվում են ընդհանրապես որևէ հոդաբաշխ միտք արտահայտել, ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, թե Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցի «ակտիվիստները» փոխել են իրենց պահանջները։

Ըստ այդմ, հիմա էլ բացի հանքարդյունաբերության և բնապահպանական թեմաներից պահանջում են, որ ղարաբաղյան տարածաշրջանի այն տարածքները որտեղ հայեր են ապրում, տեղակայված է ռուսական խաղաղապահ միավորումը, պետք է համատեղ վերահսկվեն ռուս խաղաղապահների և Ադրբեջանի պետական մարմինների կողմից։ Խաղաղապահների ժամանակավոր պատասխանատվության գոտում վերականգնվեն Ադրբեջանի բոլոր պետական կառույցների՝ այդ թվում Ներքին գործերի նախարարության պետական սահմանապահ ծառայության մաքսային պետական կոմիտեի վերահսկողությունը, իսկ Հայաստանի հետ սահմանին Լաչինի ուղղությամբ սահմանեն Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության և մաքսատան առանձին կետեր։

Այս պահանջներից իհարկե ակնհայտ է դառնում, որ «բնապահպանական» այդ շարժումը ի սկզբանե քաղաքական նպատակներ է ունեցել, և Բաքուն փորձում է ճնշումներ գործադրել Ռուսաստանի և այլ երկրների վրա առաջ մղել սեփական օրակարգերը։ Եթե միջազգային հանրության գործուն աջակցության պայմաններում հնարավոր չեղավ Հայաստանից խլել «Զանգեզուրի միջանցքը», ապա գոնե Բաքուն փորձում է իր այս քայլերով ընդհանրապես կախման մեջ գցել Արցախը և արցախցիներին։

Նման պայմաններում Հայաստանի իշխանություների վարքը մեղմ ասած այլևս դուրս է տրամաբանությունից, իսկ դրա լավագույն խորհրդանիշը վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի լուսանկարներն են. նա մեկ կատվի հետ է նկարվում, մեկ էլ իրենց առանձնատան ամանորյա ձևավորումը ցուցադրում՝ հընթացս հայտարարում, թե իրենք ֆուտբոլ են նայում։

Իհարկե 120 հազար արցախցիների սառչելու ֆոնին Փաշինյանի տիկնոջ չտեսությունը այնքան է աչք ծակում, որ նույնիսկ սեփական կողմնակիցները չեն համարձակվում պաշտպանել նրան հանրության զայրույթից։ Հարյուրավոր մեր համաքաղաքացիներ երեկ արձանագրել են Աննա Հակոբյանի անբարո կեցվածքը։

Նինա Արամյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular