ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաթթած է եղել մեշոկով, տոպրակի մեջ չի եղել. մահացած երեխայի հայրը հակադարձում է ՔԿ-ին

ԻՐԱՎՈՒՆՔ

Երեկ՝ փետրվարի 14-ին, Շիրակի մարզի Ջաջուռ գյուղում նորածնի մահվան դեպք էր արձանագրվել: Նախնական տեղեկություններով՝ նորածնին պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթեթավորված գտել էին արտաքնոցի հորում: Այսօր ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել՝ հերքելով այդ տեղեկությունները, իսկ մահացած նորածնի հայրը այլ բան է պնդում:

Armtimes.com-ի հետ զրույցում վաղաժամ ծննդաբերած Արեւհատ Բաղդասարյանի ամուսինը՝ Սամվել Բաղդասարյանը, եւս մեկ անգամ նշել է, որ նորածինը արտաքնոցի հորից դուրս է բերվել պարկով: «Ես հանելուց տեսել եմ, որ երեխես մեշոկով փաթթած է եղել՝ տոպրակի մեջ չի եղել: Չգիտեմ` ոնց է հայտնվել մեշոկի մեջ, բայց տեսել եմ, որ մեշոկով է եղել»,- armtimes.com-ին ասաց Սամվել Բաղդասարյանը:

Նշենք, որ քիչ առաջ ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է. «Նախնական տվյալներով՝ 2017 թ. փետրվարի 14-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, հղիության 8-րդ ամսում գտնվող 30-ամյա կինը որովայնի և աճուկային հատվածներում ունեցել է ցավեր, սկսել են հոսել պտղաջրերը, իրենց տանից վերցրել է պոլիէթիլենային տոպրակ, այն դրել է պլաստմասե թասի մեջ, որպեսզի պտղաջրերը լցվեն թասի մեջ, այնուհետև ցանկություն է առաջացել բնական կարիքները հոգալու և գնացել է արտաքնոց, որը գտնվում է դրսում: Արտաքնոցում զգացել է, որ իրենից ինչ-որ կշիռ պոկվել-ընկել է։ Հասկանալով, որ ծննդաբերել է՝ անմիջապես այդ մասին հայտնել է հարազատներին, զանգահարել են շտապօգնություն և նրան անմիջապես տեղափոխել բժշկական կենտրոն։

Դեպքի վայրի զննությամբ արտաքնոցի անցքում՝ 2 մետր խորության վրա, հայտնաբերվել է իգական սեռի պտղի դիակ՝ պոլիէթիլային տոպրակի վրա ընկած: Պարզաբանում ենք, որ երեխան «պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթեթավորված» չի եղել»,- գրված է հաղորդագրությունում։

Ստացվում է, որ Բաղդասարյանների ընտանիքի անդամների տեղեկությունները չեն համապատասխանում ՀՀ քննչական կոմիտեի հրապարակած պաշտոնական տեղեկությանը:

Քննչական կոմիտեի այս հաղորդագրության վերաբերյալ Սամվել Բաղդասարյանը ասում է. «Ես գոմում եմ եղել, չգիտեմ` հետը ինչ է կատարվել: Եկել, տեսել եմ ու զանգել եմ շտապօգնություն, բայց որ հանեցին՝ մեշոկի մեջ էր»,- հավաստիացնում է Բաղդասարյանը:

Սամվել Բաղդասարյանի մայրը՝ Հասմիկ Բաղդասարյանն էլ armtimes.com-ի հետ զրույցում նշեց, որ երեխայի պարկի մեջ հայտնվելու մասին տեղեկություններ չունի, բայց մեկ պոլիէթիլենային տոպրակ էլ ինքն է գցել արտաքնոցի հորը. «Այդ դեպքը, որ եղավ, եկան պորտալարը կտրեցին: Ես էլ տոպրակի մեջ լցրեցի ու գցեցի հորի մեջ»,-ասաց նա:

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի պատասխանատու Սոնա Տռուզյանի փոխանցմամբ` այս պահին դեռեւս քրեական գործ չկա հարուցված: Դեպքի առնչությամբ շարունակում են նյութեր նախապատրաստվել:

Արեւհատ Բաղդասարյանը շարունակում է ստացիոնար բժշկական օգնություն ստանալ Ախուրյանի մոր եւ մանկան առողջության կենտրոնում: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են բավարար, սակայն նշում են, որ գտնվում է հոգեբանական տրավմայի մեջ:

Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 14-ին, Շիրակի մարզի Ջաջուռ գյուղում երիտասարդ կնոջ հղիությունը ընդհատվել է, իսկ մահացած պտուղն ընկել է արտաքնոցի խորը փոսի մեջ: Տուժողը Ջաջուռի բնակիչ, 30-ամյա Արեւհատ Բաղդասարյանն է: Նրա հղիությունը եղել է 8-րդ ամսում: Դեպքը տեղի է ունեցել դրսում կառուցված զուգարանում: Ջաջուռի համայնքապետ Սոկրատ Սուվարյանը armtimes.com-ի հետ զրույցում ասել էր, որ կինը եղել է զուգարանում եւ հանկարծակի մոտը վիժում է սկսվել:

Ի դեպ, կինը սպասում էր չորրորդ երեխային: Նա ունի 1 որդի՝ 1,5 տարեկան, 2 աղջիկ՝ 6 եւ 8 տարեկան: Երեխաներն այս պահին գտնվում են տատիկի խնամքի տակ:

Նարեկ Կիրակոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular