ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը պետք է ընտրություն կատարի Լեռնային Ղարաբաղի և Ուկրաինայի միջև

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Pravda.ru-ն գրում է, որ  ադրբեջանցի ակտիվիստներն արգելափակել են ռուս խաղաղապահների աշխատանքը Լաչինի միջանցքում, որը Լեռնային Ղարաբաղը կապում է մնացած աշխարհի հետ։ Արդյո՞ք  այդ շրջափակումը ծրագրված է եղել պաշտոնական Բաքվի կողմից, և ինչպե՞ս են կապված ԼՂ հիմնախնդիրն ու Ուկրաինայում հատուկ գործողությունը: Հարցերին պատասխանել է Կովկասի ինստիտուտի (Երևան) տնօրեն Ալեքսանդր Իսկանդերյանը։


- Ալեքսանդր Մակսովիչ, չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտարարել է հումանիտար աղետի՝ Լեռնային Ղարաբաղի շրջափակման մասին։ Լաչինի միջանցքում, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ, ռուս խաղաղապահներ կան, նրանց վրա հարձակվում են Ադրբեջանի որոշ էկոակտիվիստներ։ Ի՞նչ է կատարվում:


-Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի կողմից կա ճնշում։ Այդ մարդիկ կապ չունեն բնապահպան ակտիվիստների հետ։ Դա պաշտոնական Բաքվի կողմից կազմակերպված ակցիա է։ Նրանք փակել են ԼՂՀ-ն (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։ ԼՂՀ մնացած բոլոր սահմանները Ադրբեջանի հետ են։ Սա իսկապես մոտ ապագայում հումանիտար աղետի կվերածվի: Խնդիրներ կան մարդկանց համար, ովքեր պետք է գնան հիվանդանոց, օդանավակայան։ Հայաստանից Ղարաբաղ  են ներկրվում սնունդ, բենզին և այլն, ամեն ինչ արգելափակված է: Ադրբեջանը փորձում է վերահսկողություն սահմանել այնտեղ տեղափոխվող ցանկացած ապրանքի և մարդկանց նկատմամբ։ Իսկ ըստ 2020 թվականի համաձայնագրի պայմաններով ճանապարհի հսկողությունն իրականացնում են ռուս խաղաղապահները։ Այս փաստաթուղթը ստորագրել են  Ռուսաստանի նախագահը, Ադրբեջանի նախագահը և Հայաստանի վարչապետը:

Ռուսական ժողովրդական լեզվով ասած Ռուսաստանին բռնել են «թուլության վրա»։ Ավելի պրոֆեսիոնալ լեզվով ասած խաղաղապահների վրա ճնշում գործադրելով կարմիր գծեր են գծում՝ մինչև ուր կարելի է գնալ։ Ադրբեջանում կարծում են, որ հիմա, երբ Ռուսաստանը շատ է զբաղված այլ վայրերում, կարող են փորձել հասնել իրենց նպատակներին։


-Ի՞նչ եք կարծում, այժմ կկարգավորվի՞ այս իրավիճակը։


-Կարծում եմ այո։ Բայց դա չի նշանակում, որ այն մեկ ամսից հետո կամ այլ ​​ձևով չի լինի։ Սա է պաշտոնական Բաքվի ռազմավարությունը, քանի դեռ Ռուսաստանը չի կարողանում կամ չի ցանկանում արձագանքել (ինչը նույնն է քաղաքականության մեջ), արժե փորձել վերցնել որքան հնարավոր է ավելի և հիմա։ Հիմա ակնհայտորեն բանակցային գործընթաց է ընթանում, ադրբեջանցիները ինչ որ բան են պահանջում, Հայաստանը համաձայն չէ այդ ինչ որ բանին, միջնորդներ են ներգրավված։ Ինչ որ բանի կհասնեն, բայց ես վախենում եմ, որ սա վերջին անգամը չէ, հիմա բնապահպաններ, հետո կլինեն ֆիլատելիստներ, բալետիստներ, բայց նույն որակի։


-Կարծում եմ, որ Ռուսաստանը որոշակի միջոցներ է ձեռնարկում։ Գլխավորն այն է, որ պատերազմ թույլ չտրվի։ Պետք է միայն սպասել, մինչև ավարտվեն գործերը Ուկրաինայի հետ։


-Մինչև Ուկրաինայի հետ գործերը չավարտվեն, վախենում եմ,  առանց գազի, լույսի, սննդի, կապի  մարդիկ չեն մնա։ Այստեղ չի գործում «նախ մի խնդիր ենք լուծում, հետո կզբաղվենք մյուսով» տրամաբանությունը։ Պետք է հենց հիմա զբաղվել դրանով, հակառակ դեպքում դա կարող է վատ ավարտ ունենալ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular