ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զարմանքս եմ հայտնում իմ հարգարժան գործընկեր Սերգեյ Լավրովի զարմանքի առնչությամբ․ Արարատ Միրզոյան. «Ազատություն»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի արտգործնախարարը զարմանք է հայտնում Ռուսաստանի արտգործնախարարի զարմանքի առնչությամբ, թե դեկտեմբերի 23-ին նախատեսված եռակողմ հանդիպմանն իր չմասնակցելու մասին լուրը իմացել են հայկական կողմի մամուլի հաղորդագրությունից։

Արարատ Միրզոյանն «Ազատությանը» փոխանցեց, որ հայկական կողմի խնդրանքը փոխանցվել է թե՛ Ռուսաստանի արտգործնախարարության կենտրոնական ապարատի ներկայացուցիչներին, թե՛ Հայաստանում Ռուսաստանի դեսպանությանը։

Իսկ թե ինչու հայկական կողմը հետաձգեց հանդիպումը, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատեց՝ դժվար է կառուցողական և արդյունավետ հանդիպումներ ունենալ չդադարող սպառնալիքների և ուժի գործադրման նորանոր դրսևորումների պայմաններում:

«Ազատություն»․ - Մոսկվայում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ ասուլիսի ընթացքում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը զարմանք է հայտնել, որ դեկտեմբերի 23-ին նախատեսված եռակողմ հանդիպմանը Հայաստանի արտգործնախարարի չմասնակցելու մասին լուրը իմացել են հայկական կողմի մամուլի հաղորդագրությունից, և ոչ թե դիվանագիտական կապուղիներով։ Ինչպե՞ս կմեկնաբանեք դա։

Միրզոյան․ - Ես էլ զարմանքն եմ հայտնում իմ հարգարժան գործընկեր Սերգեյ Լավրովի զարմանքի առնչությամբ։ Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը՝ Մոսկվայում նախատեսված իմ և Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջև հանդիպումը հետաձգելու՝ հայկական կողմի խնդրանքը Հայաստանի արտգործնախարարությունը և Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը փոխանցել են թե՛ Ռուսաստանի արտգործնախարարության կենտրոնական ապարատի ներկայացուցիչներին, թե՛ Հայաստանում Ռուսաստանի դեսպանությանը: Հակառակ դեպքում անբացատրելի է, թե ինչպես կարող էր Ռուսաստանի արտգործնախարարությունն իր տարածած մամուլի հաղորդագրությամբ շատ ավելի շուտ ազդարարել հայկական կողմի Մոսկվա չմեկնելու մասին, քան դրա և դրա պատճառների մասին կհասցներ հայտարարել Հայաստանի արտգործնախարարությունը

«Ազատություն»․ - Նախարար Լավրովի ելույթում հնչել է նաև համոզմունք միջադեպերի շարունակականության մասին, եթե կողմերից մեկը յուրաքանչյուր անգամ հրաժարվի մասնակցել նախապես համաձայնեցված բանակցություններին։ Ինչպե՞ս է պետք, ըստ Ձեզ, սա ընկալել։

Միրզոյան․ - Հայկական կողմը հստակ մատնանշել է հանդիպման հետաձգման պատճառը և անհրաժեշտությունը։ Համաձայնեք՝ դժվար է կառուցողական և արդյունավետ հանդիպումներ ունենալ չդադարող սպառնալիքների և ուժի գործադրման նորանոր դրսևորումների պայմաններում: Ինչ վերաբերում է այդ դրսևորումների հետագա շարունակականության մասին համոզմունքին, կարծում եմ, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորակազմը կոչված են հենց նման համոզմունքները բացառելուն։

«Ազատություն»․ - Սերգեյ Լավրովի հետ ասուլիսի ընթացքում Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովն ասել էր, թե իբր 2020-ի նոյեմբերին Հայաստանը խոստացել է 8 գյուղեր «ազատել» սակայն չի կատարել այդ պայմանավորվածությունը: Դա ինչպե՞ս կմեկնաբանեք։

Միրզոյան․ - Ինչպես բազմիցս հայտարարել ենք, հայկական կողմը ոչ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, ոչ էլ որևէ այլ կերպ նման պարտավորություն չի ստանձնել։ Այլ բան, քան գրված, ստորագրված, հրապարակված պայմանավորվածություններ, գոյություն չունեն։ Կարծում ենք, Ադրբեջանի ԱԳ նախարարը նման մտացածին պայմանավորվածությունների մասին խոսելով` փորձ է կատարում արդարացնել իր երկրի կողմից նոյեմբերի 9-ին եռակող հայտարարության դրույթների շարունակական ու կոպիտ խախտումները:

Միաժամանակ հարկ եմ համարում հիշեցնել, որ Հայաստանը քանիցս հանդես է եկել զորքերի հետքաշման՝ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը Հայկական և Ադրբեջանական ԽՍՀ-ների միջև գոյություն ունեցած վարչական սահմանով տեղակայելու առաջարկով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular