ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ստեփանակերտի հանրահավաքի աշխարհաքաղաքական մեսիջները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախի և Հայաստանի միջև ճանապարհի գործարկումը չի կարող լինել սակարկման առարկա։ Ստեփանակերտի «Վերածնունդ»-ի հրապարակում երեկ բազմահազարանոց հանրահավաք է տեղի ունեցել, որը ցնցել է անգամ ադրբեջանական լրատվամիջոցներին և իշխանություններին։

Շրջափակման պայմաններում տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվել են հրապարակում՝ իրենց մեսսիջները հասցնելու աշխարհին և հատկապես Հայաստանի իշխանություններին, ընդ որում ուշագրավ է, որ այս անգամ հանրահավաքի ժամանակ որևէ այլ երկրի դրոշ չի եղել, բացառապես Հայաստանի և Արցախի դրոշները, ինչը, ըստ էության, վկայում է, որ արցախցիները հստակ պատկերացնում են աշխարհաքաղաքական միտումները և ամուր են կանգնած իրենց հողի վրա։

Նրանք նաև կոչով դիմել են Հայաստանի իշխանություններին՝ որևէ զիջման չգնալ, մինչև վերջ պաշտպանել Արցախի բնակչության կյանքն ու անվտանգությունը։ «Շարունակվող պայքարի ընթացքում, մենք, ինչպես նախորդ տարիներին, այսօր ունենք մայր հայրենիքի և համայն հայության համակողմանի աջակցության կարիքը»,- նշված է հանրահավաքում ընդունված հայտարարության մեջ։

Եթե նախորդ հանրահավաքի ժամանակ, երբ սահմանը բաց էր, ադրբեջանական լրատվամիջոցները փորձում էին աշխարհին համոզել, թե իբր Հայաստանից մեծ քանակությամբ հայաստանցիներ են մասնակցել, ապա երեկ տեղի ունեցած ավելի բազմամարդ հանրահավաքը տեղի էր ունենում Արցախի տոտալ շրջափակման պայմաններում և ադրբեջանական ԶԼՄ- ները որևէ ավելի հետաքրքիր, խելացի տարբերակ չէին գտել, քան արցախցիներին մեղադրել գումարով հանրահավաքի գալու մեջ, ինչն իհարկե, ծիծաղ է հարուցում նույնիսկ ադրբեջանական հասարակության մեջ։

Ի վերջո հստակ պետք է արձանագրել, որ Արցախում բնակվող հայ ազգաբնակչությունը ամուր է, վճռական և մինչև վերջ պատրաստ է կանգնել։ Երեկ նաև հանրահավաքին մասնակցել են արցախի պետական իշխանության ներկայացուցիչներ, ելույթ է ունեցել պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որը հստակ արձանագրել է, որ տեղի չեն տալու ադրբեջանցիների, մասնավորապես Ալիևի և Ջեյհուն Բայրամովի սպառնալիքներին։ Այս լուրջ մեսիջը հերթական ապտակն էր Ադրբեջանին, նաև հնարավորություն, աշխարհում կրկին բարձրացնելու Արցախի հարցը։

Նարինե Ավագյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular