Փորձագետը ներկայացրեց ձվի եւ հավի մսի շուկայում տիրող իրավիճակը Նոր տարվա նախաշեմին
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆոր տարվա նախաշեմին մենք ինքնաբավ ենք ձվի առումով, ձվի գերարտադրությունը շարունակվում է։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը։
Նա հավելեց, որ գների աճ չի լինի, դրանք կմնան նույն մակարդակում, ինչ եղել են նախորդ տարի։
«Արտադրողի կողմից ամենաշատ վաճառվող հավի ձվի մեկ հատի արժեքը 50 դրամ է (10 ցենտ):
Արտադրողները ութ ամիս է, ինչ ինքնարժեքից ցածր ձու են վաճառում, եւ միայն վերջերս գները փոքր-ինչ վերադարձել են նախկին ցուցանիշներին, ինչը հնարավորություն է տալիս արտադրողներին մի փոքր «շունչ քաշել»:
Ինչ վերաբերում է հավի մսին, ապա այն ավելի էժան է, քան նախորդ տարի։ Առեւտրի կետերում տեղական արտադրության ապրանքի մեկ կիլոգրամը վաճառվում է 1290 դրամով (3 դոլար)»,- նշեց Ստեփանյանը։