ԱԻՆ-ի զգուշացումը՝ Երևանում ինտենսիվ գարնանային վարարումների առաջացման վտանգի վերաբերյալ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԱԻՆ-ը զգուշացնում է գարնանային հնարավոր վարարումների մասին:
Այս առնչությամբ, «Հիդրոօդերեւութաբանության եւ մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«Բոլոր գիտական նյութերի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հզոր ձնածածկույթի առկայությունը դեռ որոշիչ պատճառ չէ ուժեղ արտահայտված գարնանային վարարումների առաջացման համար: Գետերում ջրի ելքերի կտրուկ բարձրացման համար անհրաժեշտ է մի քանի օդերեւութաբանական երեւույթների միաժամանակյա առկայությունը, մասնավորապես՝ օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը եւ դրան ուղեկցող տաք անձրեւները:
ՀՀ տարածքի գետերի սնումը խառն է, ընդ որում՝ տարբեր գետային ավազաններում այս կամ այն սնման բաղադրիչի դերը ենթարկվում է նշանակալի փոփոխության: Գետերի հոսքի ռեժիմին բնորոշ են հետեւյալ փուլերը.
• գարնանային վարարումներ,
• անձրեւներից առաջացած հորդացումներ,
• աշնանային եւ ձմեռային սակավաջրություն:
Գարնանային վարարումները ՀՀ գետերի, այդ թվում՝ Հրազդանի եւ Գետառի ջրային ռեժիմի հիմնական փուլն է, որը գրեթե բոլոր գետերի մոտ հանդես է գալիս լավ արտահայտված՝ մեկ ընդհանուր ալիքի տեսքով: Այն ձեւավորվում է ստորերկրյա եւ հալոցքային ջրերից, ինչպես նաեւ՝ անձրեւաջրերից: Սինոպտիկական պրոցեսների ժամանակ, երբ տեղի է ունենում օդի ջերմաստիճանի զգալի եւ կտրուկ բարձրացում, միաժամանակ ձնհալք բարձրադիր գոտիներում, որն ուղեկցվում է տաք անձրեւներով, վարարումները արտահայտվում են բուռն կերպով եւ առանձնանում են ջրի մակարդակի զգալի բարձրացումներով: Այդպիսի վարարումների տեւողությունը համեմատաբար կարճ է՝ 2-3 օր:
Հանրապետության տարածքի գետերի առավելագույն ելքերը դիտվում են հիմնականում գարնանային վարարումների ընթացքում՝ մարտ-ապրիլ ամիսներին, իսկ Արաքս գետի ավազանում հնարավոր է նաեւ մայիս ամսվա առաջին հատվածում: Ուստի, վերջինիս՝ ժամանակին կանխատեսումը կանխարգելում է այն վտանգը, որը կարող է տեղի ունենալ առավելագույն ելքերի անցման ժամանակ:
Ներկա պահին հնարավոր չէ կանխատեսել Երեւանով հոսող Գետառ եւ Հրազդան գետերում ջրի մակարդակի ինտենսիվ բարձրացումներ կլինեն, թե ոչ: Նման երեւույթները կանխատեսելի են միայն 5-6 օր առաջ, երբ հստակ կանխատեսվում են մոտեցող տաք օդային ալիքներն ու դրան ուղեկցող ինտենսիվ անձրեւները:
Օրինակ՝ 2004 թ.-ի մարտի 5-6-ը ընկած ժամանակահատվածում Հայաստան ներթափանցած տաք օդային հոսանքները եւ դրանց ուղեկցող առատ անձրեւները, մի շարք գետերում, այդ թվում՝ Հրազդան գետում ինտենսիվ վարարումների եւ ափամերձ տարածքների ջրածածկման պատճառ հանդիսացան: Մինչդեռ այդ տարի՝ փետրվարի վերջին եւ մարտի սկզբին, հանրապետության նախալեռնային եւ հովտային գոտիներում ձնածածկույթ ընդհանրապես բացակայում էր, ձյան ծածկ առկա էր միայն 1700 մ-ից բարձր գոտիներում:
Լինում է նաեւ ճիշտ հակառակը: 2012 թ.-ի փետրվարին հանրապետության ողջ տարածքում հաստատված կայուն եւ հզոր ձնածածկույթը, որը լեռնային գոտիներում հասնում էր 60-100 սմ, Հրազդան եւ Ջերմուկ քաղաքներում՝ 103-127 սմ, Երեւանում՝ 35-40 սմ, օդի ջերմաստիճանի աստիճանական բարձրացման արդյունքում ՀՀ գրեթե բոլոր գետերում նույնիսկ լուրջ վարարման ալիք չառաջացրեց:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ 2017 թ. մարտին Հիդրոօդերեւութաբանության եւ մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայությունը նախատեսել է կազմել գարնանային վարարումների կանխատեսում եւ այն տրամադրել ՀՀ պետական ու տարածքային կառավարման մարմիններին, լրատվամիջոցներին, իսկ հնարավոր հեղեղումների եւ ջրածածկումների վտանգի առկայության վերաբերյալ ահազանգումներն ու նախազգուշացումները կտարածվեն 4-5 վաղօրոքությամբ՝ կանխատեսումների տեսքով: