ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԲԴԽ-ն ամբողջությամբ անցավ Փաշինյանի տիրապետության տակ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնին նշանակված Կարեն Անդրեասյանին վերջնականապես հաջողվեց յուրացնել խորհրդի ամբողջ կազմը։ Երեկ հրավիրված դատավորների ընդհանուր ժողովը 162 կողմ և 35 դեմ ձայներով ԲԴԽ դատավոր անդամ է ընտրել առաջադրված միակ թեկնածուին՝ Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր Քրիստինե Մկոյանին, վերջինս հայտնի է նրանով, որ Կարեն Անդրեասյանի համակուրսեցին է և նրա սանիկը։

ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանը այդպես էլ չկարողացավ լեզու գտնել դատավորների հետ և իր ձեռքը վերցնել դատական ամբողջ իշխանությունը։ Փաստենք, որ Անդրեասյանին հաջողվեց իրականացնել այդ քայլը, և նա ճնշումներով, կոմպրոմատներով և «մեղմ» տոնայնությամբ կարողացել է այլասերել ու Նիկոլ Փաշինյանի ոտքերի տակ նետել ամբողջ դատական համակարգը։

Հատուկենտ դատավորներ միայն դեռևս համարձակվում են հակադրվել գործող իշխանությունների քաղաքականությանը, իսկ մնացած բոլոր դեպքերում Անդրեասյանի դերն ամբողջությամբ տարածվում է դատական համակարգի վրա։ Այս հանգամանքը նաև ամրապնդվում է նրանով, որ արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվել է Կարեն Անդրեասյանի գործընկեր Գրիգոր Մինասյանը։

Նախկինում Անդրեասյանը, երբ զբաղեցնում էր արդարադատության նախարարի պաշտոնը, որոշակի խնդիրներ է ունեցել ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի հետ, իսկ այսօր արդեն նա ամբողջությամբ համակարգը վերցրել է իր ձեռքում։

Թերևս հենց դա էր պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը սիրահոժար համաձայնվեց հրաժարվել Գագիկ Ջհանգիրյանի ծառայություններից՝ փոխարենը նշանակելով ավելի անդեմ և բացարձակապես որևէ սկզբունք չունեցող Անդրեասյանին։

Առաջիկայում մենք կտեսնենք նոր բռնաճնշումներ քաղաքական ընդդիմախոսների և հակառակորդների դեմ։ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անելու է դատական համակարգն այլասերելու համար և ոչ միայն դատական համակարգը, նրա նպատակը իշխանության 100 տոկոսանոց յուրացումն է։ 

Մինաս Ազատյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular