««Ոչ մի դրամ ափսոսանք». հայկական արժույթը դարձել է համաշխարհային առաջատար, բայց կարող են խնդիրներ լինել»
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆTrmzk.ru-ն գրում է, որ փաստը մնում է փաստ. հայկական արժույթը դարձել է աճի համաշխարհային առաջատար։ Տարվա ընթացքում դրամը դոլարի նկատմամբ սենսացիոն կերպով ամրապնդվել է 22 տոկոսով։ Եվ նման ռեկորդային աճի հիմնական պատճառը ռուսների ներհոսքն է երկիր։ Հենց վերաբնակիչների շնորհիվ է ավելացել տրանսֆերտների ծավալը և ՀՆԱ-ի աճը երկնիշ դարձել։
Անցած տարվա առաջին ինն ամիսներին Հայաստան է մուտք գործել 780 հազար ռուս, մեկնել մոտ 740 հազար։ Դա նշանակում է, որ մոտ 40 հազարը մնացել է երկրում, ինչը երկուսուկես անգամ ավելի է, քան եղել է ամբողջ 2021 թվականին։ «Գարնանը եկան բազմաթիվ ծրագրավորողներ, սպասարկող մասնագետներ, լրատվամիջոցների աշխատակիցներ: Աշնանը այցելուների կազմն ու աշխարհագրությունն ավելի բազմազան դարձավ։ Շատ ռուսներ աշխատանք գտան կամ շարունակեցին աշխատել հեռակա կարգով, իսկ որոշ դեպքերում նրանք իրենք էին Հայաստանում ընկերություններ ստեղծում կամ գործող ֆիրմաները տեղափոխում այստեղ»,- ասել է Կովկասի ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանը:
Շարժվենք առաջ: 2022 թվականի առաջին ութ ամիսներին Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների ծավալը կազմել է 1,9 մլրդ դոլար (2021 թվականի նույն ժամանակահատվածում եղել է ընդամենը 549 մլն դոլար)։ «Պատկերը մոտավորապես այսպիսին է. հունվար-փետրվարին սահուն աճ, ապա մարտին պայթյունավտանգ աճ, դրանից հետո ամեն ամիս ծավալների կրկնապատկում։ Ամռանը մի փոքր դադար, և նույնիսկ անկում եղավ, սեպտեմբերից շուկան նորից սկսեց աճել»,- ասել է տնտեսագետ Ֆելիքս Խաչատրյանը։
Բացի դա ռուսները Հայաստանում բացել են երկու հազարից ավելի ընկերություններ ու տնտեսավարող սուբյեկտներ։ «Երկրում հեշտ է ձուլվել, մարդիկ ընկերասեր են։ Մուտքի համար Շենգենյան կամ միջազգային անձնագիր պետք չէ, բավական է ռուսականը: Բացի այդ, Հայաստանն ունի ՏՏ ընկերություններին աջակցելու ծրագիր, ներառյալ հարկային արտոնությունները, ինչպիսիք են շահույթի զրոյական դրույքաչափը և ԱԱՀ-ի բացակայությունը», - բացատրել է դիզայներական ստուդիայի սեփականատեր Պավել Վիչևը, ով հաստատվել է Երևանում:
Ըստ «Իզվեստիա»-ի այս իրավիճակը շատ դրական է անդրադարձել Հայաստանի տնտեսության վրա։ Երրորդ եռամսյակի արդյունքներով ՀՆԱ-ի աճը կազմել է 14,8%, թեև տարեսկզբին Կենտրոնական բանկը կանխատեսում էր 1,6% աճ։ «ՏՏ ոլորտում մենք տեսնում ենք մարդկային կապիտալի քսանհինգ տոկոս աճ: Հայաստան են տեղափոխվում տաղանդավոր, լավ կրթված մարդիկ, ինչը կարող է տևական ազդեցություն ունենալ»,- ասել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ Ավելին, Արժույթի միջազգային Հիմնադրամը կարծում է, որ մինչև տարեվերջ Հայաստանի տնտեսությունը կաճի 7%-ով, թեև ամռանը ակնկալում էր 5%: Իսկ Եվրասիական զարգացման բանկը կանխատեսում է ՀՆԱ-ի 12,5% աճ։ Ըստ ՎԶԵԲ-ի դա «ամենաարագ թռիչքն է վերջին տասնհինգ տարվա ընթացքում»։
Սակայն ռուսների ժամանումը մի շարք խնդիրներ են ստեղծել Հայաստանի բնակիչների համար։ Գնաճը հասել է ռեկորդային առավելագույնի՝ Կենտրոնական բանկի տարեկան կանխատեսումը 4%-ից հասել է 10%-ի։ Հիմնական ապրանքների գները զգալիորեն աճել են: Տարվա ընթացքում հացը, ձավարեղենը, պանիրը, մրգերը, մսի որոշ տեսակներ թանկացել են 20%-ով։ Բարձրացել է նաև բնակարանների վարձակալության արժեքը: Մեկ սենյականոց բնակարանը Երևանի կենտրոնում կարելի է վարձակալել 800-1000 դոլարով, երկու կամ երեք սենյականոց լավ վերանորոգված բնակարանը 1500-1800 դոլարով, ինչը երկու-երեք անգամ ավելի թանկ է, քան մեկ տարի առաջ։ «Ես, կինս ու երկու երեխաներս արդեն երեք տարի է 150.000 դրամով (370 դոլար) բնակարան ենք վարձակալում։ Վերջերս տեղեկացա, որ մենք պետք է ազատենք բնակարանը մարտի 1-ից, քանի որ սեփականատերը պայմանավորվել է ռուսների հետ, որոնք պատրաստ են ավելի շատ վճարել։ Ֆորմալ առումով սեփականատերը ոչինչ չեն խախտում, պարզապես լրանում է պայմանագրով նախատեսված ժամկետը։ Բայց խնդիրն այն է, որ հիմա նույն գումարով ոչինչ չենք կարողանա վարձակալել, իսկ իմ աշխատավարձը նույնն է մնացել»,- ցավով ասել է երևանցի Նարեկը։
Եվ այնուամենայնիվ, Հայաստանի իշխանությունները չեն թաքցնում իրենց լավատեսությունը։ Պետբյուջեում այս տարվա ՀՆԱ-ի աճը նախատեսված էր 7 %, հիմա կլինի 18% (900 մլն դոլար) հիմնականում վերաբնակիչների տրանսֆերտների և հարկերի ավելի լավ հավաքագրման հաշվին։ Ծախսերը նույնպես կավելանան 18%-ով, հավելյալ գումարները կուղղվեն պաշտպանական, ենթակառուցվածքային, սոցիալական, տնտեսական ծրագրերին։
Սակայն փորձագետները հորդորում են իշխանություններին հանգիստ վերաբերվել ռեկորդային թվերին։ «Ցանկանում եմ զգուշացնել էյֆորիայի դեմ: Տնտեսագետների թռչնալեզվով կատարվածը կոչվում է «դրական շոկ»։ Դրական, բայց շոկ»,- ասել է ՎԶԵԲ-ի գլխավոր տնտեսագետ Եվգենի Վինոկուրովը: Նրա կանխատեսումների համաձայն «ժամանածների» միայն 25-30%-ն է երկար ժամանակով Հայաստանում մնալու. «Նրանք տնտեսությանը դրական զարկ տվեցին, բայց ներկայիս միտումները դժվար թե շարունակվեն։ Ընդհակառակը, բարձր բազայից ավելի դժվար կլինի հետագայում աճել։ Դրա հիմքում ընկած է 2023 թվականին ՀՆԱ-ի 4,2 % աճի մեր կանխատեսումը»։
Իսկ տնտեսագետ Նաիրի Սարգսյանը կարծում է, որ եթե ռուսները հեռանան, ապա Հայաստանի տնտեսությունը կկանգնի ճգնաժամի առաջ. «Հիմա հաշվի առնելով ընթացիկ տնտեսական ցուցանիշները կառավարությունը սպասարկում է պետական պարտքը։ Իսկ եթե տեղափոխվածները հեռանան, մենք կունենանք օրենքով սահմանված սահմանը գերազանցող պետական պարտք, և կհայտնվենք ճգնաժամային իրավիճակում։ Միջազգային կազմակերպություններից ու այլ պետություններից նոր վարկեր ներգրավելը արդեն դժվար կլինի»։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը