Բաքվում Իրանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲաքվում Իրանի դեսպան Աբբաս Մուսավին կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, ինչի մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը որակել է «ահաբեկչություն» և դատապարտել այն: Նա պահանջել է սեղմ ժամկետներում հետաքննել ու պատժել մեղավորներին:
Հաղորդվում է նաև, որ Ադրբեջանն առաջիկայում կտարհանի դեսպանատան անձնակազմը:
Տեղի լրատվամիջոցները հաղորդում են նաև, որ Բաքուն հերքել է Թեհրանի վարկածը՝ դեսպանատան վրա հարձկման շարժառիթների վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թեհրանի ոստիկանության ղեկավարը հայտնել էր, որ հարձակվողը դեսպանատուն է մտել իր երկու անչափահաս երեխայի հետ:
«Նախնական քննությունը ցույց է տալիս, որ հարձակվողի շարժառիթը եղել են անձնական և ընտանեկան խնդիրները», - ասել էր նա:
Մինչդեռ Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն ասել է.«Մենք չենք հավատում, որ Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը կատարվել է անձնական կամ ընտանեկան շարժառիթով։ Մենք դատապարտում ենք այս հարձակումը և Իրանի կառավարությունից պահանջում ենք անհրաժեշտ քայլեր ձեռնարկել սադրիչներին բացահայտելու համար։ Իրանական կողմը պետք է միջոցներ ձեռնարկեր մեր դեսպանատան վրա հարձակման դեմ։
Թեհրանը պետք է միջոցներ ձեռնարկի Իրանում հակաադրբեջանական արշավի դեմ։ Վերջին ամիսներին իրանական լրատվամիջոցներում հակաադրբեջանական լայնածավալ քարոզչություն է իրականացվել, ինչը խթան է հանդիսացել հարձակման համար։ Ադրբեջանը միշտ եղել է Իրանի հետ բարիդրացիության կողմնակից, սակայն նման սադրանքները բացասական ազդեցություն են ունենում։ Հարձակման ողջ պատասխանատվությունը կրում է իրանական կողմը։»:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան զինված հարձակում է տեղի ունեցել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա:
Նշվում է, որ սպանվել է Ադրբեջանի իրավապահ մարմինների դեսպանատան պաշտպանության համար պատասխանատու աշխատակիցը: