Միայն ռազմական ուժը երբեք բավարար չի եղել տևական և համապարփակ խաղաղության հասնելու համար. Եգիպտոսի նախագահը՝ Ալիևին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթահ էլ-Սիսին տարածաշրջանային այցի շրջանակում Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, ընդգծել է խաղաղության հասնելու նպատակով՝ բանակցությունների կարևորությունը:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Եգիպտոսի նախագահի պաշտոնական կայքից, Ալիևի հետ բանակցությունների ընթացքում քննարկել են մի շարք միջազգային և տարածաշրջանային հարցեր՝ թե Մերձավոր Արևելքում, թե Հարավային Կովկասում:
«Մենք հաստատեցինք երկխոսության ու բանակցությունների կարևորությունը և ողջախոհության ու իմաստության ձայնին առաջնահերթություն տալու կարևորությունը՝ նկատի ունենալով, որ միայն ռազմական ուժը երբեք բավարար չի եղել տևական, համապարփակ և արդար խաղաղության հասնելու համար»,-նշել է Եգիպտոսի նախագահը:
Նա ընդգծել է՝ պետք է բանակցել խաղաղության ճանապարհն ամբողջությամբ ավարտելու և ժողովուրդների համար ավելի լավ իրականության ու արժանապատիվ կյանքի հասնելու համար՝ հատկապես ներկա փուլում, երբ ժողովուրդների տառապանքները կրկնապատկվել են տնտեսական պատճառներով:
Եգիպտոսի նախագահը տարածաշրջանային այցով հունվարի 28-ին ժամանել է Հայաստան: