ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսական ակտիվացում Հայաստանի ուղղությամբ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերջին մեկ օրվա ընթացքում ռուսական կողմի չափազանց ակտիվացումը հարավ-կովկասյան տարածաշրջանի ուղղությամբ մտահոգիչ է և լուրջ մտահանգումների տեղիք է տալիս։

Նախ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Ռուսաստանի ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։ Հայաստանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումների շուրջ։

Միրզոյանը նշել է, որ ադրբեջանական կողմի սադրանքները Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ, նկրտումներն ու ռազմատենչ հռետորաբանությունը խոչընդոտում են տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը։

Թե ի՞նչ է իրականում խոսվել, ո՛չ հայկական և ո՛չ էլ ռուսական կողմերը չեն հայտնում, բայց փաստն այն է, որ Խովաևի հետ հանդիպումից կարճ ժամանակ անց հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի միջև։

Հաղորդագրություն տարածել է միայն Ռուսաստանի արտգործնախարարությունը, նշվում է, թե քննարկվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման խնդիրը։ Ռուսական կողմից շեշտվել է եռակողմ պայմանավորվածությոնների իրականացման աշխատանքների շուտափույթ վերսկսման կարևորությունը, ներառյալ տարածաշրջանում բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծումն ու սահմանազատումը, Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի պարամետրերի համաձայնեցումը։

Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի զրույցից կարճ ժամանակ անց էլ, մեկ այլ հեռախոսազրույց տեղի է ունեցել արդեն Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Ռուսաստանի ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուի միջև։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը , երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև պաշտպանական համագործակցության առաջադրվող մի շարք հարցեր։

Ռուսական կողմի՝ այս, գրեթե ճնշումների մակարդակի, հեռախոսազանգերն ու պնդումները վկայում են, որ հարավ-կովկասյան տարածաշրջանում կա՛մ լրջագույն իրադարձություն է տեղի ունենում, կա՛մ էլ Ռուսաստանը որոշել է առաջանցիկ տեմպերով վերականգնել իր ազդեցությունը։ Եվ այդ կապակցությամբ բնավ էլ տարօրինակ չէ, որ երեկ մեկ այլ հեռախոսազրույց էլ տեղի է ունեցել Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոնայի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջև։

Ֆրանսիական կողմի տարածած հաղորդագրության համաձայն երկու երկրների արտաքին քաղաքական պատասխանատուներն անհրաժեշտ են համարում անհապաղ վերականգնել ազատ տեղաշարժվել Լաչինի միջանցքով, որն արդեն շուրջ 2 ամիս է արգելափակված է Ադրբեջանի կողմից։ «Լեռնային Ղարաբաղի շրջափակման հետևանքով ի հայտ եկած լրջագույն հումանիտար հետևանքներն անընդունելի են և Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները՝ վարչապետ Փաշինյանի ու նախագահ Ալիևի հետ շփումների միջոցով համատեղում են ջանքերը վերջ տալու այս իրադրությանը»,- բավական տարօրինակ ձևակերպում է առկա ֆրանսիական հաղորդակցության մեջ։

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քերըն Դոնֆրիդն էլ հարցազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Թե ինչի՞ կհանգեցնի այս չափազանց ակտիվ դիվանագիտական շփումները, դեռևս վաղ է խոսել, սակայն հայկական կողմը ամեն դեպքում պետք է մտահոգություններ ունենա։ 

Վիգեն Ասատրյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular