ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ արժե հայի ինքնության գինը, ո՞վ է բանակցում այդ գնի շուրջ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական հարցերով բանագնաց Ռուբեն Ռուբինյանը Թուրքիայում են: ԱԳ նախարարն անձամբ է այցելել աղետի գոտի, հանդիպել նաև տեղում աշխատող հայ փրկարարների հետ: Իսկ ինչպե՞ս ընդունեց  Թուրքիան իրենց համար անչափ մտահոգ հայկական կողմի ներկայացուցչին:

Նախ նրա պաշտոնակից Չավուշօղլուն անձամբ չէր եկել դիմավորելու: Հետո էլ տեղի ունեցավ համատեղ հայտարարությունները, որտեղ Միրզոյանը ելույթ էր ունենում թուրքական դրոշով զարդարված ամբիոնից, իսկ աջ անկյունում էլ աթաթուրքի պատկերն էր: Այստեղ ևս չէին մոռացել այնպես անել, որ Թուրքիայում հայն իրեն շատ հարմար չզգա:

Բացի այդ, պաշտոնական հաղորդագրություններից ու հայտարարություններից պարզ է դառնում, որ երկու երկրների պաշտոնակիցները քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները, դրանց զարգացումը և այլն, իսկ ինչո՞ւ ՀՀ ԱԳ ներկայացուցիչը չխոսեց  2 ամսից ավելի շրջափակման մեջ գտնվող 120 000 արցախցիների մասին, նրանք ևս հումանիտար աղետի առջև են կանգնած, օգնության կարիք ունեն: Թուրքիայի հովանավորությամբ փակված կյանքի ճանապարհի չգործարկման արդյունքում Արցախում ևս հայեր են զոհվում, քանի որ չեն հասցնում ժամանակին բժշկական օգնություն ստանալ:

Կար մի ժամանակ, երբ հայկական դիվանագիտությունն այն մակարդակի վրա էր, որ Թուրքիան իրեն իրավունք չէր վերապահում խոսել հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին, իսկ հիմա հստակ նախապայման է դնում՝ Արցախի հարցի լուծումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղենիշ: Ժամանակին հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին թուրքական ցանկանցած հայտարարության փորձն ավարտվում էր նրանով, որ հիշեցնում էին Ցեղասպանության մասին և հարց էր՝ Թուրքիայի՞ն էր ավելի շատ պետք հարաբերությունների կարգավորումն՝ առանց նախապայմանների, թե Հայաստանին:

Իսկ հիմա հստակ է՝ դրանով շահագրգռված է Հայաստանը և եթե հանրային խոսքի մակարդակում ասվում է, որ առանց նախապայմանների է, սակայն գործնականում և Թուրքիայից եկող ազդակներից  պարզ է դառնում, որ կան հստակ նախապայմաններ և հայկական կողմն անվերապահորեն համաձայն է դրան, եթե անգամ այդ պայմանն Արցախից հրաժարումն է և Ցեղասպանության մասին մոռանալը: Այսինքն՝ հայկական ինքնությունից հրաժարվելն է նյութական շահերի գինը, որը միևնույն է անվերապահորեն կատարվում է հայկական կողմից: Մի՞թե պաշտոնյաները կարողանում են ընդունել նաև անձնական ստորացումը հանուն ինչ-որ առևտրի ծավալների կամ էլ տնտեսության թվացյալ զարգացման:

Ի՞նչ արժե հայի ինքնության գինը, ո՞վ է բանակցում այդ գնի շուրջ և այդ դեպքում Արցախն ի՞նչ արժեր, 5000-ի հասնող զոհերից յուրքանչուրն ի՞նչ արժեին, 10 000-ից ավելի տղաների ամբողջ կյանքում հաշմանդամ ապրելն ի՞նչ արժե և դեռ էլ ի՞նչ կամ ո՞ւմ են պատրաստվում վաճառել: Թուրք անվանումից չվիրավորվող հայերը արդեն որոշել են ի՞նչ արժե մոտ ապագայում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի ապամոնտաժումը… 

Աիդա Մուրադյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular