ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առաջին և գլխավոր պայմանը Նիկոլ Փաշինյանին անվերապահ հավատարմությունն ու ենթարկվելն է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի իշխանությունը օմբուսդմենի թեկնածու չունի, ընդդիմությունն էլ չի կարողանում խելքը գլխին մարդ գտնել։ Արդեն 20 օրից ավելի Հայաստանն ապրում է առանց մարդու իրավունքների պաշտպանի։ Թերևս հարկ է նշել, որ առանձնապես տարբերություն էլ չի զգացվում։ Ստեղծված իրավիճակում նույնիսկ պաշտպանի բացակայությունը բոլորովին էլ նկատելի չէ, սակայն օրենքն է պահանջում, որ ի վերջո խորհրդարանական ուժերը Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու ներկայացնեն։

Քրիստինե Գրիգորյանի հրաժարականից և ըստ մամուլի արտաքին հետախուզության պետի պաշտոնը առաջիկայում ստանձնելու հանգամանքից հետո փաշինյանական իշխանությունը մի ամբողջ շարք թեկնածուների անուններ է քննարկել։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, սակայն, բոլորը հրաժարվում են։ Առաջին և գլխավոր պայմանը, որ գործող վարչախումբը ներկայացնում է իր կողմից առաջարկվող թեկնածուներին դա Նիկոլ Փաշինյանին անվերապահ հավատարմությունն ու ենթարկվելն է, մինչդեռ ցանկացած իրեն հարգող իրավաբան կամ իրավապաշտպան գիտակցում է, որ նման պայման ընդունելու դեպքում այլևս հավիտյան վարքաբեկված է լինելու և չեն ցանկանում մտնել այդպիսի բեռի ու պատասխանատվության տակ։

Փաշինյանն անձամբ է օմբուսդմենի պաշտոնը ստանձնելու առաջարկ արել «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանին, սակայն վերջինս հրաժարվել է՝ նշելով, որ ՔՊ-ն մեկ անգամ արդեն քաշել է իրեն Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնի ընտրություններում, ուստի և չի ցանկանում հերթական անգամ թաթախվել նման անհեթեթ գործընթացում՝ առավել ևս իր հավատարմությունը հայտնել Նիկոլ Փաշինյանին։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ վերջին շրջանում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն անձամբ է Զեյնալյանին փորձում համոզել ստանձնել օբուսդմենի պաշտոնը՝ խոստանալով, որ ինքը կերաշխավորի նրա՝ համեմատաբար ավելի անկախ կարգավիճակը։ Մի քանի այլ թեկնածուների ևս առաջարկել են զբաղեցնել այդ պաշտոնը, սակայն բոլորը հրաժարվել են։ Ընդդիմությունը, թեև լուրեր էին շրջանառվում, որ կարող է թեկնածու առաջադրել, սակայն ըստ ամենայնի որևէ թեկնածուի չի ներկայացնի։ Ընդդիմադիր տրամադրված իրավաբանները ևս հստակ գիտակցում են, որ պարզապես օգտագործվելու են ընդամենը քաղաքական հայտարարությունների համար, իսկ իրենց ընտրությունը միանշանակ չի կայանալու։

Սոնա Գալստյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular