ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ-ադրբեջանական բանակցությունները՝ բացառապես Եվրոպայի տարբերակով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը երեկ ավարտել է Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքները և առաջարկներ է ներկայացրել ադրբեջանական կողմին։

Կառավարության նիստում այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա տեղեկացրել է, որ փաստաթուղթը փոխանցել են նաև ԵԱՀԿ Մինսկի համախմբի համանախագահող երկրներին։ Իսկ այսօր արդեն Փաշինյանը ուղևորվել է Մյունխեն՝ մասնակցելու Անվտանգության համաժողովին, որին մասնակցելու են նաև ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, եվրոպական այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Թեև ադրբեջանական լրատվամիջոցները պնդում են, որ Մյունխենում կայանալու է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը, Հայաստանի իշխանություններն առայժմ այդ տեղեկությունը որևէ կերպ չեն հաստատել։ Հիշեցնենք՝ դեռևս պատերազմից առաջ Մյունխենի համաժողովին՝ վերելակում Ալիևի և Փաշինյանի զրույցը բավականին լուրջ աղմուկ էր բարձրացրել։

Այժմ էլ եվրոպական կառույցները ցանկանում են նոր հանդիպում կազմակերպել Ալիևի հետ և հենց տեղում՝ եվրոպական հողում, քննարկել խաղաղության պայմանագրի հետագա ընթացքը։ Հատկապես Եվրամիության դիտորդների Հայաստան ժամանելու և տեղակայելու ֆոնին, որը հարուցել է Ռուսաստանի դժգոհությունը, Փաշինյանի գործողությունները վկայում են, որ իր աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխության հարցում Փաշինյանը լիովին կողմնորոշվել է և ընթանում է դեպի Արևմուտք։

Առնվազն երեք օր նա փորձելու է հեռու մնալ Հայաստանից, մինչև Եվրամիության դիտորդների ժամանելը։ Ռուսական կողմը բազմիցս հայտնել է իր դժգոհությունը եվրոպական դիտորդների ժամանելու հետ կապված, ընդ որում պարզվում է, որ թեև դիտորդական առաքելությունը քաղաքացիական է, սակայն բոլոր երկրները ուղարկելու են ոչ թե քաղաքացիական անձանց, այլ ոստիկանության աշխատակիցների։

Ֆրանսիական ժանդարմների տեղակայման լուրից հետո հայտնի է դարձել, որ Գերմանիան ևս մեկ տասնյակից ավելի ոստիկանների է ուղարկելու, իսկ ընդհանուր առաքելությունը ղեկավարվելու է գերմանական ոստիկանության մի սպայի կողմից։ Թերևս արժի փաստել, որ Նիկոլ Փաշինյանը նախընտրել է կարգավորման եվրոպական տարբերակը, նաև լիովին փոխում է Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը, դրանով նոր սպառնալիքներ հարուցելով թե՛ Հայաստանի և թե՛ Արցախի համար։ 

Սարգիս Երեմյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular