ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բուլղարիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Արմեն Եդիգարյանի գործունեությունն ու արդյունավետությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Շարունակելով ընթերցողների ուշադրությանը ներկայացնել արտերկրում հավատարմագրված ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանների գործունեությունը՝ այսօր կանդրադառնանք Բուլղարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եդիգարյանի գործունեությանը:  Վերջինիս կենսագրությունը բավական ուշագրավ է՝ 2000-2001թթ. ՀՀ Արտաքին գործերի նախարարության Ամերիկայի վարչության պետ, 2001-2005թթ. Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, 2005-2006թթ. ՀՀ Արտաքին գործերի նախարարության սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության խորհրդական, 2006-2010թթ. ՀՀ Արտաքին գործերի նախարարության սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ, 2010-2017թթ․ Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար, 2017-2020թթ․ ՀՀ Արտաքին գործերի նախարարության միջազգային անվտանգության վարչության պետ, 2020թ․ հուլիսի 24-ից Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Սոֆիա), 2022թ. հունիսի 10-ից համատեղության կարգով Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Սոֆիա):

Արտերկրում հավատարմագրված Հայաստանի ցանկացած դեսպանի հաջողության թիվ մեկ գրավականը տեղի հայ համայնքի, հայկական կազմակերպությունների, էթնիկ լոբբիստական կառույցների և ավանդական կուսակցությունների հետ տարվող աշխատանքներն ու անխափան համագործակցությունն է։ Ներկայումս Բուլղարիահայ համայնքը (ներառյալ ՀՀ քաղաքացիները) ոչ պաշտոնական տվյալներով կազմում է մոտ 30.000 մարդ: Բուլղարահայությունը հիմնականում ապրում է Սոֆիայում, Պլովդիվում, Վառնայում, Բուրգասում: Միևնույն ժամանակ փոքր քանակով հայեր բնակվում են նաև Շումեն, Ռուսե, Խասկովո, Ստառա Զագոռա, Պազարջիկ, Յամբոլ, Սիլիստրա, Պլևեն և այլ քաղաքներում։ Առավել աննշան թիվ են կազմում փոքր քաղաքներում և գյուղերում բնակվող մեր հայրենակիցները: Սակայն, չի կարելի ասել, որ դեսպան Եդիգարյանը ակտիվորեն ներգրավված է համայնքային կառույցների հետ համագործակցության մեջ:

Կարելի է առանձնացնել միայն երկու դրվագ: 2021թ. հոկտեմբերի 16-ին Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Եդիգարյանի հովանու ներքո կայացել է ՀԲԸՄ Սոֆիայի կամերային նվագախմբի և մենակատար Կարեն Մովսեսյանի համերգը՝ նվիրված Առնո Բաբաջանյանի 100-ամյակին և Հայաստանի Հանրապետության Անկախության 30-ամյակին: 2022թ. ապրիլի 3-ին Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Եդիգարյանի հովանու ներքո կայացել է ՀԲԸՄ Սոֆիայի կամերային նվագախմբի և մենակատար Նարեկ Կազազյանի (քանոն) համերգը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին:

Ընդունող պետության գործադիր իշխանության հետ աշխատանքը ցանկացած դեսպանի համար կարևորագույն առաջնահերթություն է։ Դեսպան Եդիգարյանը հավատարմագրերը հանձնելուց զատ բավականին սակավաթիվ հանդիպումներ է ունեցել, որոնց շարքում պետք է առանձնացնել հանդիպումը Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Անդրեյ Կովատչևի հետ, ինչը բավական թույլ ցուցանիշ է:

Իսկ ինչ իրավիճակ է հանրային դիվանագիտության դաշտում: Դեսպան Եդիգարյանը աչքի է ընկել մեկ հարցազրույցով, որում, ըստ էության, ներկայացվում են բավական ընդհանրական մտքեր ՀՀ անկախության տարիների ձեռքբերումների վերաբերյալ:

Միևնույն ժամանակ, անգամ դեսպանատան էջի հետևորդներն են բարձրաձայնում, որ էջում բացակայում է տեղեկությունն Արցախում տիրող իրավիճակի մասին:

Պետք է արձանագրենք, որ չնայած Բուլղարիայում առկա համայնքին՝ վերջինիս հետ դեսպանատան կոմունիկացիան բավական թույլ է, նույնը կարելի է ասել բուլղարական իսթեբլիշմենթի հետ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության կապերի մասին: 

Շարունակելի...

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular