ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարի այցը այլ ենթատեքստ ուներ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնի այցը Հայաստան թերևս բավարար չափով վերլուծությունների չարժանացավ, թեպետ հարկ է, որ հենց սրա վրա հայկական քաղաքագիտական միտքը լուրջ ուշադրություն դարձներ։

Խնդիրը ամենևին էլ Լյուքսեմբուրգի փոքր պետություն լինելը չէ, Եվրոպայի ֆինանսական կենտրոններից մեկի ներկայացուցիչը շատ ավելի մեծ քաղաքական ազդեցություն ունի, քան Եվրամիության բազմաթիվ այլ երկրներ։

Հիշեցնենք, որ ուկրաինական պատերազմի հենց սկզբում միայն փոքրիկ Լյուքսեմբուրգը 200 միլիոն դոլարից ավելի գումար էր հանգանակել և փոխանցել Ուկրաինա։ Գումարն, ըստ ամենայնի, հավաքել էին ոչ թե լյուքսեմբուրգցիները, այլ դրանց միջոցով փոխանցվել էր Եվրամիության կողմից։ Երեկ էլ Լյուքսեմբուրգի արտգործնախարարը հայ ժողովրդի ականջներին հաճելի մի քանի հայտարարություններ է արել, խոսել է Լաչինի միջանցքի մասին, նշել, թե դա հայերի հայրենիքն է և ոչ ոք իրավունք չունի արգելափակելու Լաչինի միջանցքը։

Մեկ այլ դրվագում էլ Ասելբորնը հայտարարել է. «Մենք չենք կարող մեր հոգին վաճառել, որ գազ ունենանք կամ նավթ»։ Իհարկե այսպիսի հայտարարությունները շոյում են Հայաստանի գործող իշխանությունների ականջը, բայց մեկ այլ հայտարարություն թերևս բացահայտում է Ժան Ասելբորնի այցի հիմնական նպատակը։

Նա հայտարարել է, թե ակնկալում է, որ Հայաստանը թույլ չի տա Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների խախտում։ Ասելբորնի կարծիքով միջազգային իրավունքի խախտումը Ռուսաստանի Դաշնության կողմից երկարաժամկետ բացասական ազդեցություն կունենա, և ռուս-ուկրաինական հակամարտությունը հակամարտություն չէ միայն Եվրոպայի համար։ «Մենք գնահատում ենք, որ Հայաստանը ձեռնարկել է բոլոր քայլերը միջազգային հարթակներում՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության ագրեսիայի հետ կապ չունենալու համար և հորդորում ենք անել ամեն ինչ այդ դիրքորոշումը պահպանելու համար»,- ասել է եվրոպացի պաշտոնյան։

Թերևս Եվրամիության դիտորդների Հայաստան տեղակայումից հետո, Ասելբորնի բերանով պարզ «ճշմարտությունները» Հայաստանի իշխանություններին հասկացնելը լուրջ անհրաժեշտություն էր եվրոպացիների համար։ Ասելբորնը, ըստ ամենայնի, Հայաստան է ժամանել հատուկ առաքելությամբ, Հայաստանի իշխանություններին ևս մեկ անգամ համոզելու հեռու մնալ Ռուսաստանից և իրենց կապերը սերտացնել Արևմուտքի հետ։ Մեկ այլ ավելի մեծ երկրի ներկայացուցչի այցը միգուցե որոշակի մտավախություններ առաջացներ Հայաստանի քաղաքական դաշտում, որտեղ թերևս այնքան էլ լավ չեն պատկերացնում, թե ինչ է իրենից ներկայացնում Լյուքսեմբուրգը և նրա յուրաքանչյուր պաշտոնյա։

Նարինե Ավագյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular