ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարդանյանի պաշտոնանկության նախաձեռնությունը պայքարի ոգին կոտրելու համար է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արդարադատության միջազգային դատարանը երեկ որոշում ընդունեց Հայաստանի կողմից ներկայացված՝  «Լաչինի միջանցքի» ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու պահանջի մասին, որով Ադրբեջանը պարտավորվում  է կիրառել բոլոր անհրաժեշտ միջոցները Հայաստանի Հանրապետությանն ու Լեռնային Ղարաբաղին կապող միջանցքով բոլոր մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան և ազատ տեղաշարժն ապահովել:

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն այս առիթով իր երախտագիտությունն է հայտնել միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչին, ամբողջ թիմին, այն բոլոր մարդկանց, որոնք հսկայական աշխատանք են կատարել արցախահայության արդարացի պահանջը փաստարկված տեղ հասցնելու ուղղությամբ:

Վարդանյանը, սակայն մի շատ կարևոր շեշտադրում էլ է արել. « Ինչպես հաճախ նշել եմ իմ հանրային ելույթներում՝ իրավունքը մեր կողմից է, և մենք կարող ենք տարբեր մեխանիզմների օգնությամբ ցույց տալ, որ մեր պահանջներն արդարացի են, և միջազգային իրավական գործիքակազմը կարևոր է այդ ճանապարհին»: 


Այսպես, Վարդանյանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ չհանձնվելով կարող ենք հաղթել, կարող ենք առաջ շարժվել, որ արցախցին ունի իրավունքներ և պարտավոր է հետամուտ լինել դրանց իրականացմանը: Ամեն մեծ և փոքր հույսի շող անգամ նկատելիս Վարդանյանը փորձում է ոգեշնչել արցախցիներին, հայությանը, չի ասում, որ թույլ են, որ չեն կարող պայքարել, որ թշնամին ուժեղ է, որ Արցախը թշնամուն է հանձնված եղել դեռ 27-28 տարի առաջ, ինչ-որ փաստաթղթերի մեկնաբանմամբ և այլն:

Իրավիճակից դուրս գալու ելքն ընտրել է պայքարը և դրա աջակիցը իր համար առաջին հերթին արցախցիներն են, ապա ողջ հայությունը՝ լինի Հայաստանի, թե  Սփյուռքի: Այս մոտեցումը՝ պայքարի ոգին արթուն պահելու ձգտումը ձեռնտու չէ ո՛չ Հայաստանի իշխանության, ո՛չ Արցախի գործող նախագահին և ոչ՛ էլ Ադրբեջանի բռնապետին: Վարդանյանի պաշտոնանկության նախաձեռնությունը հենց այս ոգին, նախատրամադրվածությունը կոտրելու համար է:

Աննա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular