ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նախկին ռուսաստանցի միլիարդատեր Վարդանյանը կորցրել է իր պաշտոնը Ղարաբաղում»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Regnum.ru–ն գրում է, որ  ԼՂՀ պետ​​նախարար Ռուբեն Վարդանյանը լքել է իր պաշտոնը։ Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերին ռուս գործարար Վարդանյանը հայտարարեց Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու և Լեռնային Ղարաբաղ տեղափոխվելու իր որոշման մասին։ Forbes-ին տված հարցազրույցում նա ասել էր, որ չի պլանավորում պետական ​​պաշտոն զբաղեցնել, սակայն 2022 թվականի նոյեմբերի 4-ին ընդունել էր ԼՂՀ կառավարությունը գլխավորելու առաջարկը։ Այսպիսով, Վարդանյանն իր պաշտոնում աշխատեց մոտ հինգ ամիս։ Բայց դրանք իրադարձություններով լի օրեր էին, որոնց մասին, ինչպես նշել է ռուս փորձագետներից մեկը, գործարարը «կարող է հուշեր գրել»:
Փաստն այն է, որ դեռ ի սկզբանե Վարդանյանի հայտնվելը Լեռնային Ղարաբաղում առեղծվածային էր թվում։ Շատերին թվում էր, թե իրականացվում է տարածաշրջանում «երկրորդ Բիձինա Իվանիշվիլիի» հայտնվելու նախագիծը, որ խոսք է գնում Անդրկովկասում իշխանության հասնելու համար հետխորհրդային տարածքից խոշոր բիզնեսի ներկայացուցչի հերթական արշավի մասին։ Շատ փորձագետներ տարածաշրջանում իրադարձությունների հետագա զարգացումը կապում էին այդ գործոնի հետ։ Օրինակ The Washington Times-ը հայտարարեց, որ «Կրեմլը պատրաստում է Երևանում Վարդանյանով փոխարինել Նիկոլ Փաշինյանին», քանի որ վերջինս «հրաժարվել է Մոսկվայից և վերակողմնորոշել է դեպի Արևմուտք», և որ «Լեռնային Ղարաբաղում ուժեր են հավաքվում, որոնք կատաղի կերպով հակադրվելու են Երևանի գործող իշխանությանը»: Ադրբեջանում Վարդանյանին անմիջապես սկսեցին անվանել «Մոսկվայի հովանավորյալ», թեև 2022 թվականի սեպտեմբերին նա հրաժարվեց Ռուսաստանի քաղաքացիությունից, իսկ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը 2022 թվականի դեկտեմբերին հայտարարեց, որ «այդ ձեռնարկատերը ոչ մի կապ չունի Ռուսաստանի հետ»:


Այնուամենայնիվ, շատերի համար ապշեցուցիչ էր այն, որ Վարդանյանին տվել էր «որոշումներ ընդունելու և դրանք իրականացնելու ամենալայն լիազորություններ»։ Եվ որոշակի աշխատանք իրոք կատարվել էր։ Նա փոխեց կառավարության գրեթե բոլոր նախարարներին, կանխելով քաոսի ու խուճապի առաջացումը կարգավորեց անխափան կյանքը դժվարին պայմաններում, հայտարարեց բազմաթիվ բարեգործական ծրագրերի իրականացման հնարավորությունների մասին, փորձեց որոշակի իմաստ և ռազմավարություն հաղորդել ներքին և արտաքին քաղաքականությանը։ Բայց շուտով բազմաթիվ ռուս և հայ փորձագետներ սկսեցին խոսել այն մասին, որ «Վարդանյանը շատ կտրուկ սկսեց» և որ « նա չունենալով աջակցություն Երևանի և Ղարաբաղի քաղաքական և տնտեսական կլանների շրջանում սկսել է համակրանք շահել հայկական աշխարհում»։
Բացի այդ, Լեռնային Ղարաբաղի ապագայի մասին նրա հայտարարությունները չէին տեղավորվում ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ Երևանի քաղաքականության մեջ։ Նա, մասնավորապես, հայտարարել էր, որ աջակցում է կարգավորման ռուսական դիրքորոշմանը, և առաջարկել էր երկարաձգել ռուս խաղաղապահների այնտեղ գտնվելու ժամկետը։


Հենց այդ ուղղությամբ էլ Վարդանյանը սկսեց խնդիրներ ունենալ Փաշինյանի ու Հարությունյանի հետ հարաբերություններում։ Այն իրավիճակում, երբ Երևանը շարժվում է դեպի Արևմուտք, Վարդանյանի հեռացումը ընդամենը ժամանակի հարց էր։ Եվ հայտնվեց համապատասխան ներքին ֆոն՝ Լաչինի ճգնաժամը, և արտաքին՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի մասնակցությամբ անվտանգության միջազգային համաժողովի ձևաչափով Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պայմանավորվածությունները Մյունխենում։ Մասնավորապես, Ալիևը Մյունխենում հարթակային քննարկման ժամանակ ասել էր, որ Բաքուն պատրաստ է խոսել «Ղարաբաղում ապրող մարդկանց հետ», բայց ոչ Վարդանյանի հետ, և պետնախարարին մեղադրել էր «Մոսկվայի թելադրանքով Լեռնային Ղարաբաղ ներդրվելու մեջ»:
Բայց ընդհանուր առմամբ այս ամենն ընկալվում է որպես ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցությամբ հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունք, որոնք ակտիվացել են 2022 թվականի սեպտեմբերի երկրորդ կեսից։ Հենց այս «քաղաքական պատառաքաղում», երբ Բաքուն և Երևանը գնում են խաղաղության պայմանագրի ստորագրման, հայ փորձագետ Հրանտ Միքայելյանի կարծիքով «Վարդանյանի ապագան որոշվեց»։


Հիմա պարզ է, որ Երևանն ու Բաքուն հակված են կարգավորման արևմտյան տարբերակին, և պարզ է, թե ում հովանու ներքո է պատրաստվում խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Ճիշտ է, Հարությունյանը բացատրելով Վարդանյանի հրաժարականի պատճառները, խոստովանել է, որ «Վարդանյանը ըմբռնումով է վերաբերվել հրաժարականին», և որ «այն ժամանակվա և ներկա իրավիճակը շատ տարբեր է ինչպես արտաքին այնպես էլ ներքին քաղաքական տեսակետից», թեև «երկուսս էլ նույն պատկերացումն ունենք Արցախի ժողովրդի կենսական շահերի և «կարմիր գծերի» վերաբերյալ»։


Այնուամենայնիվ, երևանյան որոշ հրապարակումներ պնդում են, որ Վարդանյանի պաշտոնանկությունը Լաչինի միջանցքի ապաշրջափակման պայմաններից մեկն է եղել։ Բայց եթե անգամ այդպես լինի, պարզ է, որ Ստեփանակերտը թևակոխել է կառավարչական ճգնաժամի վտանգավոր փուլ։ Անցած տարեվերջին ինը նախարար են հրաժարական տվել, իսկ 2023 թվականի հունվարին հրաժարական է տվել Անվտանգության խորհրդի փորձառու քարտուղար Վիտալի Բալասանյանը։
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը առկախված է, Արևմուտքի և Ադրբեջանի ճնշումը մեծանում է, ԼՂՀ-ն Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը մնում է փակված, Երևանի դիվանագիտական ​​մանևրելու տարածքը նեղանում է:  Այնուամենայնիվ այն չէ որ Վարդանյանը հեռացել է հայաստանյան մեծ քաղաքականությունից, նա հնարավորություն ունի քաղաքականորեն գրագետ օգտագործել կուտակած ղարաբաղյան  փորձը։ Խաղը շարունակվում է, և խաղադրույքները բարձրանում են: Անգամ կարող է այնպես պատահել, որ միայն Վարդանյանի վրա խաղադրույքը լինի Հայաստանի միակ հնարավոր քաղաքական տարբերակը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular