ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի հետ Արցախի բանակցությունները պետք է լինեն միջազգային հարթակում․ արցախցի պատգամավոր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանն իր ճնշումներով ցանկանում է հասնել Լաչինի ճանապարհին անցակետ տեղադրել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» իշխող խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը։

Նրա խոսքով՝ այդ նպատակին հասնելու համար Ադրբեջանը գործի է դրել իր քարոզչամեքենան, որպեսզի տպավորություն ստեղծի, թե ճանապարհով, իրոք, անթույլատրելի բեռներ են տեղափոխվում, եւ դա կանխելու միակ ճանապարհն անցակետերի տեղադրումն է։

«Ադրբեջանական քարոզչամեքենան բավականին կանխատեսելի է։ Իրենք հրապարակային դաշտում ինչ-որ նպատակով շրջանառության մեջ են դնում թեզերը եւ աշխատում դրանց ուղղությամբ, կեղծում մինչեւ նպատակին հասնելը։ Այստեղ առաջինը թիրախավորում են ռուսական կողմին, որովհետեւ ճանապարհի փաստացի հսկողությունն նրանցն է, իրենք ենթատեքստում մեղադրում են ռուսական կողմին»,- ասաց Հարությունյանը։

Պատգամավորի կարծիքով՝ Ադրբեջանը մի քանի հանդիպումներ ունենալով Արցախի ներկայացուցիչների հետ, ցանկանում է իմիտացիա ստեղծել, թե ինտեգրացիոն քաղաքականություն է վարում։

«Իրենք մի կողմից հայտարարում են, որ Արցախի ներկայացուցիչների հետ են շփվել, մյուս քայլով ապացուցում, որ համակեցություն հնարավոր չի, որովհետեւ նրանց խնդիրն է ստանալ տարածք՝ առանց ժողովրդի։ Եթե մի երկիր, իրոք, ուզենա մյուս երկրի հետ խաղաղ ապրել, չի սպանի մարդկանց։ Ադրբեջանի հետ բանակցությունները պետք է լինեն միջազգային հեղինակություն ունեցող հարթակում, այլապես Ադրբեջանը միշտ այդպես կեղծելու է, եւ որեւէ էական արդյունք չի լինելու։ Ուղիղ բանակցությունները, կարծում եմ, օգուտ չեն տա՝ հաշվի առնելով ուժային բալանսը եւ Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումը»,- նկատեց Հարությունյանը։

Արամ Հարությունյանը կարծում է՝ նախօրեին Ադրբեջանի իրականացրած դիվերսիան, երբ նրանք թիրախավորեցին ՆԳՆ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենան վերջինը չի լինի։ Նմանատիպ ճնշումները պարբերական բնույթ են կրելու։

«Մենք ամբողջ ուժով պետք է աշխատենք այս խնդրի հանրահռչակման ուղղությամբ եւ մարդկանց ուշադրությունը սեւեռենք Արցախում կատարվողի վրա, բացատրենք, որ Ադրբեջանի բոլոր հայտարարությունների հիմքում կեղծիքն է, որ իրենց նպատակը մեկն է՝ ահաբեկել եւ ճնշել մարդակց, որ անգամ եթե ինչ-որ փուլում միջանցքը բացվի, հնարավորինս շատ մարդ դուրս գա Արցախից»,- ընդգծեց Հարությունյանը։

Հիշեցնենք, որ մարտի 5-ի առավոտյան Արցախի ՊԲ-ն հայտնեց, որ ժամը 10։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել եւ կրակ է արձակել ՆԳՆ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։

Թշնամու գործողությունների հետեւանքով զոհվել են փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանը:

Լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում։ Վիրավոր ոստիկանը վերակենդանացման բաժանմունքում է, նրա վիճակը կայուն ծանր է՝ թույլ դրական դինամիկայով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular