ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … երաժշտական գործիք քամանչա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քամանչան լարային-աղեղնավոր նվագարան է։ Այն տարածված է Իրանում, Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Հունաստանում, Դաղստանում և այլ երկրներում։ Քամանչան Արևելքում ավանդական երաժշտության համույթներում պարտադիր ընդգրկվող նվագարան է, սակայն իր գեղեցիկ, փափուկ տեմբրի և տեխնիկական բազմազան հնարավորությունների շնորհիվ այն հանդես է գալիս նաև որպես մենանվագային գործիք։ 

Պարսկական քամանչան է համարվում տարբեր ժողովուրդների մոտ տարածված բոլոր տարբերակների նախատիպը։ Պարսկական քամանչայի արտաքին տեսքի և կառուցվածքի հստակ նկարագիրը հանդիպում է արդեն 15-րդ դարի ձեռագրերում։ Իսկ առավել վաղ հիշատակությունները վերաբերում են 13-րդ դարին։ Պարսկական քամանչայի կոթը ուղիղ է, իսկ դեկան՝ օձի կամ ձկան բարակ կաշվից կամ էլ՝ ցլի միզապարկից։ Պարսկական քամանչան նվագում են նվագարանի ոտքը ծնկին հենած, սակայն որոշ երաժիշտներ նախընտրում են նվագել առանց ոտքի, գործիքի իրանը բռնելով ծնկներով։

Քամանչայի ամենահին պատկերը հայտնաբերվել է Հայաստանում, դա միջնադարյան մայրաքաղաք Դվինի պեղումների ժամանակ հայտնաբերված մի գավաթի վրա պատկերված գուսան է քամանչան ձեռքին։ Գավաթի վրա պատկերված քամանչայի ուղղահայաց երեք գծերը հիմք են տալիս ենթադրելու, որ նվագարանը ոչ թե պարզունակ, այլ ձևավորված քամանչայի դասական օրինակ է։ Քամանչահար գուսանի պատկերով գավաթը թվագրվում է 9-10-րդ դարերով, ինչը համարվում է բավականին հազվադեպ հանդիպող երևույթ։ Չնայած նվագարանն այստեղ գործածվել է այդ ժամանակներում, սակայն նրա պատկերները համատարած հանդիպում են ավելի ուշ շրջանի աղբյուրներում՝ սկսած 12-13-րդ դարերից։ Ուշագրավ է այն, որ Հայաստանում կանայք ևս նվագել են քամանչա։ Այդ մասին է վկայում Հայաստանի ազգային պատկերասրահում պահպանվող 19-րդ դարի անհայտ նկարչի կտավը, որտեղ պատկերված է ազնվական միջավայրում քամանչա նվագող վեհաշուք երիտասարդ մի կին։ Հայաստանում դարեր շարունակ պատրաստվել և գործածվել են քամանչայի երեք և չորսլարանի տարբերակները, որոնք կարող էին ունենալ երկար կամ կարճ իրան։

Կարսում քամանչան անվանում էին ճանուր։ Ագուլիսում և նրա շրջակայքում ասել են «ճնկըռ», բայց այդ գործիքը ամենից շատ հայտնի է քամանչա անունով։ 7-րդ դարում, երբ արաբներն արշավել են Հայաստան և գրավել, չեն կարողացել ազդել տեղի մշակույթի վրա, և ընդունել են հայ մշակույթի դրսևորումները։ Սովորաբար այդպես է լինում, որ գրավյալների մշակույթը գերազանցում է գրավողների մշակույթին։ Այսպիսով, արաբներն ազդեցություն են ունեցել մի շարք նվագարանների անվանափոխության գործում։ Արդյունքում էլ արմատավորվել է քամանչա անվանումը: «Քամանչա» բառը թարգմանաբար նշանակում է քնար ոտքի վրա։ Քամանչայի իրանը գնդաձև է՝ ծածկված թաղանթային մեմբրանով։ Կլոր կոթից իրանի միջով անցնում է մետաղյա կաղապարաձող, որը նվագարանի համար ծառայում է նաև որպես «ոտք»։ Ունի ուղիղ ձգված վզիկ։ Քամանչայի նախնական ձևն ունեցել է մեկ լար։ Հետո նվագարանը դարձել է երեք լարանի, որն ամենագործածականն է եղել։ Ավելի ուշ, 1909 թվականին, քամանչայի պատմության մեջ առաջին անգամ ավելացվել է չորրորդ լարը՝ վիրտուոզ քամանչահար, արևելյան երաժշտության տեսաբան Սաշա Օգանեզաշվիլու (Ալեքսանդր Արշակի Օհանյան) շնորհիվ։ 1920-40-ական թվականներին Վարդան Բունինը ստեղծել է կվինտային լարվածքով քամանչաների ընտանիքը՝ պրիմա, ալտ, բաս և կոնտրաբաս։

Нет описания.

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular