ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ու սկսեցի Պողոսիս զանգին սպասել, մինչև հիմա սպասում եմ, չի զանգում...». 2020 թ. հոկտեմբերի 16-ին զոհված Պողոսը տուն է «վերադարձել» դեկտեմբերի 31-ին․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Պողոսը ծնունդով Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղից է: Ընտանիքի երեք որդիներից մեկն է. երեք եղբայրները նաև քույրիկ ունեն: «Փոքրուց շատ աշխույժ էր: Երբ Պողոսը տանն էր, մեր տան շարժն ավելի շատ էր, մեր ուրախությունն էր: Մյուս երեխաներս շատ հանգիստ են, իսկ Պողոսը՝ հակառակը՝ ակտիվ: Բոլորին օգնության էր հասնում: Իրենով անգամ գյուղն էր շնչում, մի տեսակ աշխուժանում: Սիրում էր իրենից տարիքով ավագների հետ շփվել, զրուցել»,«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսի մայրիկը՝ տիկին Քրիստինեն:

Դպրոցում որդին բարձր առաջադիմությամբ է սովորել, նրան հատկապես գրավում էր մաթեմատիկան: 9-րդ դասարանն ավարտելուց հետո Թալինում ուսումնարան է ընդունվել, ցանկանում էր ծրագրավորող դառնալ: «Ծառայությունն ավարտելուց հետո այնքան նպատակներ ուներ, նպատակներից շատերը նաև իր քույրիկի հետ էին կապված: Մտածում էր՝ ծառայությունը վերջացնի, քույրիկի հետ Երևան տեղափոխվի, բայց… Առաջին հերթին իր բոլոր երազանքները նրա հետ էին կապված, իսկ հետո արդեն մեր բոլորիս՝ իր ընտանիքի ու իր հետ»,-նշում է զրուցակիցս:

Մայրիկի խոսքով, եղբայրներն ու քույրիկը շատ սիրով էին իրար հետ, «եթե անգամ մեկ կոնֆետ ունենային, պետք է հավասար բաժանեին իրար մեջ»: Պողոսը բանակ է զորակոչվել 2018 թ.-ին՝ «Ես եմ» ծրագրով, ծառայում էր Ասկերանի զորամասում: Տիկին Քրիստինեն վերհիշում է՝ փորձեց որդուն համոզել, որ ուղղակի ժամկետային զինծառայության մեկնի, բայց չստացվեց. «Ծառայությունը շատ լավ էր անցնում, իր ընկերների ու շրջապատի հարգանքն էր վայելում: Որպես բարեխիղճ ծառայող՝ պաշտպանության նախարարության «Զինվոր» պաշտոնաթերթում իր մասին նյութ տպագրվեց, թերթի շապիկին իր նկարն էր: Ծառայության ընթացքում պատվոգրի է արժանացել, մենք ևս իր զորամասի կողմից նամակ ենք ստացել, որով շնորհակալություն էին հայտնում հայրենիքին նվիրված պաշտպան դաստիարակելու համար»:

Սկսվեց 44-օրյա պատերազմը: «Ամեն օր իր հետ կապի մեջ էինք, անընդհատ զանգում էր, աընդհատ՝ Պողո՛ս, զգույշ, Պողո՛ս, առաջ չընկնես, գիտեի, որ աշխույժ է, հանգիստ չի նստի իր տեղը: Միշտ ասում էր՝ մա՛մ, ո՞նց ես մտածում, վախեցող տղա՞ եմ: Պատասխանում էի՝ որ փորձանքը եկավ, չի հարցնելու՝ վախեցող ես, թե չէ: Իրար հետ խոսել ենք մինչև հոկտեմբերի 14-ի գիշերը, այդ օրը համարյա հինգ ժամ խոսել ենք: Հետո հեռախոսը փոխանցեցի հայրիկին, ասաց՝ մեր խելքին մի ընկի, ամբողջ գիշեր կարող ենք խոսել, գնա, հանգստացի: Բայց Պողոսն ասաց՝ ես էլ եմ ուզում խոսել, մա՛մ, կարո՞ղ է ուզում ես քնել, ասացի՝ չէ, ես քնեմ, դու դիրքում կանգնե՞ս, երբ կանջատես հեռախոսը, ուրեմն՝ էլ հարմար չէ խոսելը: Ամեն ինչից զրուցեցինք, ասում էր՝ Արմանի հետ թև ու թիկունք կլինենք, կաշխատենք, պապան էլ չի աշխատի: Բայց բառ չէր ասում, թե որտեղ է, ինչ մարտերի է մասնակցում, ասում էր՝ երկրորդ, երրորդ գիծ եմ, մենակ այդ մի հարցում է ինձ խաբել այսքան տարվա մեջ: Բայց, իհարկե, առաջնագծում էր»:

Պողոսն այդ օրը, կարծես թե, կանխազգացում է ունեցել, որ գուցե մայրիկի հետ վերջին զրույցներն են. «Երբեք չէի հավատա, որ Պողոսս կարող է զոհվել, բայց սրտիս ամենահեռավոր անկյունում զգում էի, որ իմ երեխու հետ ինչ-որ բան է կատարվում, անհանգիստ էի: Հիմա եմ վերլուծում՝ երբ Պողոսը տանից դուրս էր գալիս, միշտ իր հետևից երկար նայում էի, հայացքով ճանապարհում մինչև վերջ, նոր մտնում տուն: Շատ աշխույժ էր, իր մասին անհանգստությունս էլ ավելի շատ էր»: Մայրիկի խոսքով, հոկտեմբերի 16-ին Պողոսի հետ «փորձանք» պատահեց, նախորդ օրն էր վերջին անգամ տուն զանգահարել, մայրիկի հետ մեկ-երկու բառ փոխանակել: «Հադրութի Թութակներ տեղամասում է զոհվել՝ դիպուկահարի կրակոցից: Մեկ օր չզանգեց, ասացի՝ իմ Պողոսից չի, մի բան եղել է: Ու սկսեցի զանգին սպասել, մինչև հիմա սպասում եմ, չի զանգում...»: Հոկտեմբերի 16-ին զոհված Պողոսը տուն է «վերադարձել» դեկտեմբերի 31-ին:

«Նոր տարվա «նվեր» բերեցին ու տվեցին ինձ»: ԴՆԹ-ի անհրաժեշտություն չի եղել, մարմինը ճանաչելի էր, սակայն մայրիկը չի կարողացել որդուն հրաժեշտ տալ, գրկել ու համբուրել, տեսնել մի վերջին անգամ: Հիմա ամեն օր գնում է գյուղի գերեզմանատուն՝ որդուն տեսության, ասում է՝ «եթե մի օր չգնամ, ուրեմն մեռած եմ: Հիմա ապրում եմ իր նկարներով, իր տեսանյութերով, իրենով եմ ապրում: Ցավս պահում եմ իմ մեջ, երեխեքիս ցույց չեմ տալիս, իրենք ինչո՞վ են մեղավոր, թե չէ անտանելի ցավոտ է»:

Հ. Գ. - Պողոս Բաղդասարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
 
 
 
 
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular