ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սպասվելիք հնարավոր էսկալացիայի ժամանակ Ռուսաստանը հանդիսականի նման է հետևելու ՀՀ սահմանում տեղի ունեցող իրադարձություններին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանը Բեռլինում հանդիպումներ է ունենում, շփվում ԶԼՄ ներկայացուցիչների հետ և բացահայտ խնդրում է, որ արձագանքեն Ադրբեջանի կողմից հնարավոր սպասվելիք ագրեսիային: Նույն ժամանակահատվածում Բաքվի բռնապետը հայտարարում է, որ պատրաստվում են հետ վերադարձնել Արևելյան Ադրբեջանը,  իրենց պատմական հողերը: Ինչպե՞ս են արձագանքում սրան Հայաստանի և Արցախի իշխանությունները:


ՀՀ իշխանությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, խաղաղություն է աղերսում և խնդրում է, որ միջազգային հանրությունը սատարի: Նույն խնդրանքները կար 2020թ պատերազմում, 2021թ մայիսին, երբ Ադրբեջանը ներխուժում էր ՀՀ ինքնիշխան տարածք, 2022թ սեպտեմբերի 13-14-ին էլ էր ապավինում միջազգային հանրության աջակցությանը:

Իհարկե, կոչեր անում են գրեթե բոլոր երկրները և կառույցները, հիմա Էլ ԵՄ առաքելությունը կարձանագրի հայ-ադրբեջանական սահմանի խախտումը և էլի երկու կողմերին կոչ կանի վերադառնալ ելման դիրքեր, գուցե ասի, որ նեղացած է իրեն կոչերն անտեսելու համար և վերջ: Անկախ «Սասնա ծռեր» խմբավորման տարբեր անդամների կոչերից և Խզմալյանի նամակներից՝ Մակրոնը ՀՀ զորք և զենք չի ուղարկելու, Բայդենը՝ նույնպես:


Հայ-ադրբեջական սահմանի փոփոխությունը ձեռնտու չէ միայն Ռուսաստանին և Իրանին: Իրանն ինքն է կանգնած պատերազմի շեմին և չի ցանկանա մասնակից լինել, բացի այդ էլ Ալիևը պատերազմը սկսելու է ոչ թե հայ-իրանական սահմանից, այլ՝ 200-250 կմ հեռավորության վրա՝ Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերում: 


Ռուսաստանն էլ իր հերթին գտնվում է պատերազմում և հիմա ակնհայտ է, որ Ուկրաինան դադար է վերցրել և սպասում է տարբեր երկրներ ուսուցման մեկնած իր սպաներին և զինվորներին՝ նոր գրոհի անցնելու և դեպի Ազովի ծով կրկին ելք ունենալու համար, որն էլ հնարավորություն է տալու Ռուսաստանն անջատելու Ղրիմի մարզից և հետ վերադարձնելու կորցրած քաղաքները: Եթե Ուկրաինայի՝ ի դեմս Արևմուտքի ծրագիրը հաջողի, ապա Ռուսաստանում ներքաղաքական իրավիճակի սրում է սպասվում: Մեկ տարուց ավելի է ռուսներին համոզում են, որ հատուկ օպերացիան այլ ելք չուներ, որ Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու խնդիր կա և այլն:

Հիմա, երբ դա էլ չլինի, ռուսներին մնալու են միայն կրած զրկանքները և մարդկային ահռելի կորուստները: Բացի այդ ՀՀ իշխանությունը ջանք չի խնայել, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները վերածվեն թշնամականի: Ընդամենը 2 օր առաջ էլ ԱԳ նախարարությունը հայտարարեց, որ դիմում են ներկայացրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից հրաժարվելու վերաբերյալ:

Ստացվում է, որ սպասվելիք հնարավոր էսկալացիայի ժամանակ Ռուսաստանը և՛ օբեկտիվ, և՛ սուբեկտիվ պատճառներով հանդիսականի նման է հետևելու ՀՀ սահմանում տեղի ունեցող իրադարձություններին: Կարևոր է նաև այն հանգամանքը, որ ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին Արևմտյան երկրների զենքի պահեստները կարելի է ասել դատարկ են և Թուրքիան փաստացի միակ երկրին է, որը ոչ միայն զենքը չի օգտագործել, այլ կրկնապատկել է նույնիսկ սեփական արտադրությունը:

Աննա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular