ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միջկլանային պայքարը «Քաղպայմանագրում» սրվում է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կորոնավիրուսի համավարակի ժամանակ չարաշահումների գործը կարող է դառնալ գործող իշխանության և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իսկական պառակտման մի առիթ։

Այն, որ Նիկոլ Փաշինյանի և նրա վարչախմբի հնգամյա իշխանության օրոք կոռուպցիոն հանցագործություններով ձերբակալվել ու կալանավորվել են մեծամասամբ իրենց իսկ իշխանության ներկայացուցիչները, թերևս որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում։

Նախօրեին էլ կալանավորվել է Երևանի գործող փոխքաղաքապետ, առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանը։ Նրա հետ միասին նաև կալանավորվել է «Մեդ լայն» ընկերության գործադիր տնօրենը, իսկ մեկ տասնյակից ավելի անձանց մեղադրանքներ են առաջադրվել, նրանց մեղադրում են ընդհուպ 120 միլիոն դրամ յուրացնելու մեջ։

Ի սկզբանե պարզ էր, որ այս գործը ուղղված է ոչ այնքան Երևանի փոխքաղաքապետի, այլ նրա նախկին ղեկավար Արսեն Թորոսյանի ու համավարակի ժամանակ պարետի պարտականությունները կատարող Տիգրան Ավինյանի դեմ։ Թորոսյանը, որն առանձնակի ջերմ հարաբերություններ չունի սեփական կուսակիցների հետ, անմիջապես զգացել էր վտանգը և ֆեյսբուքում ծավալուն մի գրառում էր արել, որտեղ իրենց իսկ իշխանությանը մեղադրել էր գործ կարելու և կեղծիքներ անելու մեջ, ավելին, լկտիություն էր ունեցել հայտարարելու, թե մի ամբողջ համակարգի երկու տարվա տքնաջան աշխատանքը, որի ժամանակ տասնյակ հազարավոր պացիենտներ էին բուժում ստացել և ճնշող մեծամասնությունը փրկվել, մտացածին այս մեղադրանքներով ջուրը լցնելը շատ թանկ է արժենալու մեր երկրի վրա։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ դատախազությունն արդեն իսկ պատրաստ է Ազգային ժողով մտնելու և չի բացառվում, որ առաջին իսկ քառօրյայի ընթացքում Արսեն Թորոսյանի դեմ քրեական պատասխանատվության միջնորդություն ներկայացվի։

Մամուլում արդեն տեղեկություններ է շրջանառվում, որ այս սկանդալի իրական թիրախը Տիգրան Ավինյանն է, ում հավակնություններն ավելին են, քան Երևանի քաղաքապետի պաշտոնը։ Ուստի, Փաշինյանը ցանկանում է գցել նրան, և քաղաքապետի պաշտոնում կամ նշանակել Սուրեն Պապիկյանին, կամ էլ թողնել գործող քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին։ Կոռուպցիոն սկանդալը արտացոլում է «Քաղպայմանագրի» ներսում միջկլանային հակամարտությունը։

Կուսակցությունում շատերն են հակված Պապիկյանի թեկնածությանը, նա շուտով անգործ է մնալու՝ Պաշտպանության նախարարությունից գլուխ հանել չի կարողանում, և ուզում են վերադարձնել քաղաքացիական ոլորտ։ Փաշինյանն ինքն էլ է վախենում թե՛ Ավինյանից, թե՛ Պապիկյանից, ու հենց նրա աղբյուրներն են տարբեր տեղեկատվական արտահոսքեր կազմակերպում երկու պաշտոնյաների դեմ։

Ավինյանի դեմ արշավի ծիրում ԶԼՄ-ներում ավելի ու ավելի շատ են տեղեկություններ շրջանառվում՝ իբր գործող քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի վարկանիշն ավելի բարձր է։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս տեղեկությունների տարածումը ևս ուղղորդվում է։ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունն առաջ է մղում Աննա Հակոբյանը, որի համար գործող քաղաքապետը անդեմ և ենթարկվող անձ է, որն ամեն ինչի ընդունակ կատարող է, մինչ Ավինյանը դառը կորիզ է համարվում ողջ ՔՊ-ում։

Հակոբյանին առայժմ հաջողվել է Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը թողնելու որպես պահեստային տարբերակ, իսկ իր ռեսուրսներով՝ մամուլում քարոզչություն անել Հրաչյա Սարգսյանի օգտին։

«Քաղաքացիական պայմանագրում» մինչ օրս հաջողվել է կենտրոնախույս խաղերը զսպել գեղջկական հավասարակշռման միջոցով, Փաշինյանն էլ կուսակիցների մեջ պառակտումներ գցելով կարողացել է խուսանավել, նրանց իրար դեմ հանելով թուլացնել։ Բայց այս կոռուպցիոն սկանդալը Արսեն Թորոսյանի, Ավինյանի և նրանց թիկամիցների շուրջ, կարող է դուրս գալ վերահսկողությունից, պարզ չէ, թե նրանք ինչպիսի արձագանք են տալու։ Հատկապես, որ այս սկանդալը ցնցել է կուսակցության ներքին շարքերին, գիտակցում են, որ որևէ մեկը պաշտպանված լինել չի կարող։

Կարեն Տիրացվյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular