Սեփական մեղքը չընդունելը և դրա համար պատասխանատվություն չվերցնելը բերում է նոր մեղավորությունների
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՓաշինյանի ասուլիսում սուր մտքերի և սենսացիոն արտահայտությունների պակաս, իհարկե, չկար, սակայն բանակում գործող 5-րդ շարասյան մասին հայտարարելը, ամենաքննարկվածներից է։ 5-րդ շարասյունը դավաճաններն են։ Երկրի ղեկավարը հայտարարում է, որ բանակում դավաճանների բանակ կա, որոնցին 50-ից ավելին արդեն հայտնաբերված են և անցնում են քրեական տարբեր վարույթներով։
Փաշինյանն իր խոսքում ակնարկել է, թե ում նկատի ունի «հինգերորդ շարասյուն» ասելով․ «Իմ համոզմունքը նա է, որ պատերազմը պարտվել ենք այն պատճառով, որ բանակում գործել է «5-րդ շարասյուն»։ Համոզմունքս մի շարք փաստերի վերլուծության արդյունք է։ Այդ փաստերը, կարծում եմ, առաջիկայում այնքան հրապարակային կլինեն, որ իմ հայտարարությունն այդքան տարօրինակ չի թվա։ Այսօր հիսունից ավելի զինծառայողներ, այդ թվում՝ սպաներ և բարձրաստիճան սպաներ, մեղադրվում են լրտեսության և պետական դավաճանության մեջ։
Որևէ մեկը մտածո՞ւմ է, որ նրանց գլխին գործ են սարքել։ Այլ հոդվածներով կալանավորված բարձրաստիճան զինվորականներ ունենք։ Հողեր հանձնելու մեղադրանքով բարձրաստիճան զինվորականներ կան կալանքի տակ։ Կա զինվորական, որը մեղադրվում է Շուշիի գործով։ Երբ դատարանը որոշեց կալանավորի, իմ համար զարմանալի բան եղավ։ Մեկ էլ տարբեր մարդիկ ՀՀ-ից, ԼՂ-ից․․․ իմացա, որ դատաիրավական համակարգին միջնորդել են, որ կլինի՞ այսինչ մարդուն կամ մարդկանց կալանքից ազատեն, ներողամիտ վերաբերվեն։
Երբ իմացա․․․ բա դուք չէի՞ք ասում, որ պետք է բացահայտվի, թե ինչ է եղել ռազմի դաշտում, թե Շուշին ով է տվել, թե ոնց է ընկել Շուշին։ Որ ասեք՝ դավաճան վարչապետը Շուշին հանձնե՞ց։ Իսկ կարո՞ղ է պարզվի, որ դա է եղել պլանը։ Այդ ամենը ՀՀ անկախության դեմ և պետականության դեմ է եղել, ոչ թե միայն իմ իշխանության»։
Նկատենք, որ վարչապետի ասած այդ 50-ից ավելի պաշտոնյաներից և ոչ մեկի գործով չկա դատական գեթ մեկ օրինական ուժի մեջ մտած վճիռ, որն ապացուցում է այդ մարդկանց մեղավորությունը։ Երբ հարցը վերաբերում էր Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանին, որը կորոնավիրուսային համավարակի ժամանակ ինչ-որ չարաշահումների համար է մեղադրվում, վարչապետը խնդրում է չանտեսել անմեղության կանխավարկածը, բայց զինվորական բարձրաստիճան սպաների դեպքում, կարծես դա չի գործում՝ նրանք մեղավոր են մեղադրանք առաջադրելու պահից։
Վարչապետ Փաշինյանը պատերազմից 3 տարի անց դեռ մեղավորներ է փնտրում՝ նախ մեղավոր էր Գագիկ Ծառուկյանը, ում ջոկատն այդպես էլ Արցախ չհասավ, ապա Արթուր Վանեցյանը, ում անվան հետ կապում են դիրքերը թողնելն ու հեռանալը, նախկինները, որ 30 տարի բանակը թալանել են, առանձին սպաներ, որ չեն սատարել այս իշխանությունը և այլն՝ այսինքն բոլորը, բացի գլխավոր գերագույն հրամանատարից։ Մինչ ՀՀ-ն մեղավորներ է փնտրում, ամեն օր մտածում է, թե ինչպես բարոյալքի հայկական բանակը, զինվորը իր համար կացարան սարքելու և քնելու տեղի խնդիր է լուծում, հարևան պետությունը վերազինում է իր բանակը, նոր զինատեսակներ ձեռք բերում, կարելի է ասել, անդադար զորավրժություններ է անում և պատրաստվում է նոր պատերազմի։
Սեփական մեղքը չընդունելը և դրա համար պատասխանատվություն չվերցնելը բերում է նոր մեղավորությունների, որի անխուսափելիությունն ապացուցվում է ամեն օր։
Աննա Ավետիսյան