ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանն այլևս չի արդարացնո՞ւմ Արևմուտքի սպասելիքները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄՆ պետքարտուղարությունն մարդու իրավունքների մասին 2022 թվականի իր զեկույցում առանձնացրել է Հայաստանի՝ այս ոլորտի առավել նշանակալի խնդիրները, որոնք ներառում են, ըստ արժանահավատ հաղորդումների, «անվտանգության ուժերի անդամների կողմից խոշտանգումները, բանտային ծանր պայմանները, կամայական ձերբակալությունները կամ կալանավորումները, դատական անկախության հետ կապված լուրջ խնդիրները, անձնական կյանքին կամայական կամ անօրինական միջամտությունը, խոսքի ազատության սահմանափակումը, հանցագործությունները, որոնք ներառում են բռնություն կամ սպառնալիքներ՝ քաղաքացիական հասարակության գործիչների և ԼԳԲՏՔ համայնքի ներկայացուցիչների հանդեպ, ինչպես նաև երեխաների աշխատանքի վատթարագույն ձևերի դրսևորումները»:

Զեկույցը շեշտում է, որ երկրում առկա է համակարգային կոռուպցիայի ժառանգություն բազմաթիվ ոլորտներում՝ ներառյալ շինարարության, հանքարդյունաբերության, պետական կառավարման, խորհրդարանի, դատական համակարի, գնումների ու պետական աջակցության տրամադրման: Մեղադրանքներ են հնչեցվել նաև պետական պաշտոնյաների ներգրավմամբ պետական միջոցների յուրացման և կասկածելի բիզնես գործունեության մասին։

Ըստ զեկույցի՝ Հայաստանում չեն արձանագրվել քաղաքական բանտարկյալների առկայության մասին արժանահավատ հաղորդումներ: Սակայն, առկա են հաղորդումներ, որ անվտանգության ուժերի ներկայացուցիչներն արգելանքի տակ գտնվող անձանց շարունակել են ենթարկել խոշտանգումների կամ թույլ են տվել այլ ոտնձգություններ: Դրանց թվում զեկույցն առանձնացնում է ոստիկանական բաժանմունքներում շարունակական խոշտանգումների մասին հաղորդումները, որոնք, ի տարբերություն բանտերի և ոստիկանության կալանավայրերի, ենթակա չեն հանրային մոնիտորինգի:

Փաստացի, ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը բառացիորեն հերքում է Նիկոլ Փաշինյանի կողմից վերջին ասուլիսի ընթացքում բարձրաձայնած կետերը, դիցուք այն, որ Հայաստանում չկա համակարգային կոռուպցիա կամ քրեական գործեր չեն կարվում։ Ըստ էության, ամերիկյան կողմը այդպես չի կարծում և բացահայտ կերպով մեղադրում է Փաշինյանի ժողովրդավարության բաստիոնին՝ այդ ժողովրդավարության ուղղուց շեղվելու համար: Պետական պաշտոնյաների կողմից պետական միջոցների յուրացման դեպքերով Հաշվեքննիչ պալատն է զեկույցներով հանդես եկել և դրանց արդյունքում նոր կալանավորումներ են անգամ անկնկալվում: Պաշտոնյաների կասկածելի բիզնես գործունեությունների և պետական գնումներում առկա կոռուպցիան ռիսկերի մասին բազմիցս ենք գրել: Դիցուք՝ բերենք մեկ օրինակ:  Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը կնոջ հետ համատեղ տուն է գնել Ամերիկայի Միացյալ նահանգների Մերիսվիլ քաղաքում: Պաշտոնյայի հայտարարագրի համաձայն՝ գործարքը կայացել է 2021թ.-ի մայիսին, իսկ անշարժ գույքի արժեքը կազմել է 584 հազար 950 ԱՄՆ դոլար: Բագրատ Բադալյանի եկամուտներն ավելացել են հատկապես պետական պաշտոններ զբաղեցնելու տարիներին: Մասնավորապես, նրան է պատկանում «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի 88.13%-ը: Այս ընկերությունն ակտիվ մասնակցություն ունի պետական գնումներում՝ հատկապես ճանապարհաշինության ոլորտում:  Բագրատ Բադալյանի՝ 2020թ. ապրիլի 16-ին «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի բաժնետեր դառնալուց հետո, պետական մարմինները և համայնքները ընկերության հետ կնքել են ընդհանուր 1 մլրդ 79 մլն 465 հազար դրամի պետական գնման պայմանագիր: Համեմատության համար նշենք, որ մինչև ՍՊԸ-ում Բագրատ Բադալյանի բաժնետեր լինելը, 2019թ. հունվարի 1-ից մինչև 2020թ. ապրիլի 15-ը,  «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի հետ կնքվել է պետական գնման ընդամենը մեկ պայմանագիր՝ 431 հազ. դրամ պայմանագրային գնով: Իսկ 2018-ին՝ 3 պայմանագիր՝ 11 մլն 949 հզր դրամ ընդհանուր գնով:

Ընդ որում, պետդեպի զեկույցում առկա այդ կետերը հայ հանրության համար նորություն չեն: Դիցուք՝ Փաշինյանը հայտարարում է, որ երկրում վերացել է համակարգային կոռուպցիան, սակայն վերջին շրջանում Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցող իրադարձությունները, երբ կալանավորվեցին բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, այլ բանի մասին է վկայում:

Կարող ենք արձանագրել, որ վերջին շրջանում արևմտյան մի շարք հեղինակավոր կազմակերպությունների զեկույցներ, այսպես թե այնպես, հարվածում են Փաշինյանի կառավարության իմիջին՝ կասկածի տակ դնելով վերջինիս կողմից իրականացվող ռեֆորմների արդյունավետությունը: Այսինքն՝ չնայած այն հանգամանքին, որ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում Արևմուտքի հասցեին ակտիվ ռևերանսներ է անում, ինչը, ի դեպ, չի վրիպում պաշտոնական Մոսկվայի հայացքից, Արևմուտքը մեսիջ է հղում ՀՀ իշխանություններին, որ վերջիններս չեն արդարացնում իրենց սպասելիքները...

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular