ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը դեմարշ է կազմակերպել ՀԱՊԿ-ում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ng.ru-ն գրում է, որ Հայաստանը չի օգտագործի իրեն հատկացված քվոտան Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնի համար։ Այդ տեղեկությունը հաստատել է հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։ Այսպիսով, Երևանի և ՀԱՊԿ-ի հարաբերություններում ճգնաժամը հեռու է ավարտված լինելուց։


Տարեսկզբից սկսած սա ՀԱՊԿ-ի հետ կապված Հայաստանի երկրորդ դեմարշն է։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 10-ին հրաժարվեց հանրապետության տարածքում ՀԱՊԿ-ի զորավարժություններ անցկացնելուց։ Երևանի դժգոհությունները բխում են հայ-ադրբեջանական հակամարտության նկատմամբ ՀԱՊԿ-ի անտարբեր վերաբերմունքից։ Հեռու մնալով Ղարաբաղյան պատերազմից այն պատրվակով, որ կանոնադրությամբ դաշինքը չի կարող միջամտել Հայաստանի սահմաններից դուրս իրադարձություններին, դաշինքի ղեկավարությունը չկարողացավ բացատրել իր պասիվությունը անգամ այն ժամանակ, երբ պատերազմն անցավ հայկական տարածք, երբ հրետակոծվեց առողջարանային Ջերմուկ քաղաքը, իսկ ադրբեջանական ստորաբաժանումները մտան Հայաստանի խորքերը։ Երևանի օգնության բոլոր խնդրանքները մնացին անպատասխան, և միայն հարաբերական կայունացումից հետո ՀԱՊԿ-ը որոշեց ստեղծել իրավիճակն ուսումնասիրող հանձնաժողով։ Թեև ամեն ինչ ակնհայտ էր և առանց հանձնաժողովի, և՛ Ջերմուկի գնդակոծության վկայությունը, և՛ Հայաստանի տարածքում ադրբեջանական բանակի առկայության, և՛ այն, որ Բաքուն չի հերքում վերը նշվածներից ոչ մեկը։


ՀԱՊԿ-ը միայն ծավալուն հայտարարություն  տարածեց արտահայտելով սովորական անհանգստություն, և կողմերին զսպվածության կոչ արեց։ Սակայն նույնիսկ իրավիճակին ոչ այնքան հարիր այդ հայտարարությունը ջնջվեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի Երևանին ուղղված խորհուրդով. չպետք է օգնության հույս ունենալ, քանի որ ՀԱՊԿ-ը չի վիճելու Բաքվի հետ և ավելի շուտ համաձայնության կգա Նախագահ Իլհամ Ալիևի հետ, «այդ դեպքում ավելի վատ կլինի»:


Դրանից հետո Հայաստանի ղեկավարությունն ամբողջությամբ դադարեց թաքցնել դժգոհությունը այդ կազմակերպությունից։ ԵՄ դիտորդական առաքելության հայտնվելը Հայաստանում ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների սրման ճգնաժամի հետևանք է։ Արդեն Երևանում այդ ռուսամետ կազմակերպությունից դուրս գալու պահանջներ են հնչել ու հնչում են։ Սակայն սառը գլուխները կոչ են անում հաշվի առնել նման հարցերում Մոսկվայի ուժեղացված զգայունությունը և բավարար համարել այնպիսի «հանգիստ դեմարշները», ինչպիսին է ներկայիսը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնի քվոտայից հրաժարվելը։


Մյուս կողմից, Հայաստանի որոշումը կարող է անուղղակի պատասխան լինել Լուկաշենկոյի այն հայտարարությանը, թե ՀԱՊԿ երկրները չեն կարող «թփերի մեջ նստել սպասել» ռուս-ուկրաինական հակամարտության հարցում և պետք է կողմնորոշում արտահայտեն։ Այսինքն աջակցեն Ռուսաստանին։ Հրաժարվելով քվոտայից Երևանը, կարծես թե, հեռավորություն պահպանեց դաշինքից և միևնույն ժամանակ հասկացրեց, որ չի ցանկանում կողմնորոշվել Մոսկվայի կամ Կիևի ուղղությամբ։


Վերլուծաբան Հակոբ Բադալյանը կարծում է, որ Երևանի այդ դեմարշի հետևում կարող է լինել հռետորական հարց. որքանո՞վ են կազմակերպության անդամները պատրաստ գործնական պատասխանատվություն ստանձնել Հայաստանի հանդեպ, այսինքն դուրս գալ Ադրբեջանի դեմ։ Նշաններ չկան, որ հայ-ադրբեջանական հակամարտության հարցերում ՀԱՊԿ-ի դիրքորոշումը փոխվել է: Հետեւաբար, Երևանը ռազմաքաղաքական դաշինքի հետ կապված իր գործողությունները կարող է համարել համարժեք և ազնիվ։ Հարցը թե արդյո՞ք Մոսկվան նույն կերպ կհամարի, մնում է բաց: 


Տեղական լրատվամիջոցները մեջբերել են Բադալյանին, ով նշել է, որ հայկական կողմը հեռու է ՀԱՊԿ-ից հրաժարվելու դեպքում Արևմուտքից ռազմական աջակցություն ստանալու հարցը շահարկելուց: «Արևմուտքը մեր անվտանգության հարցում պատասխանատվության շատ հստակ գիծ է սահմանել, որն է կարգավորել հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ: Ելնելով առկա ռիսկային գործոններից ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնի Հայաստանի համար։ Եվ դա չի ապահովի այն պաշտպանությունը, որի բացակայությունը ՀԱՊԿ-ի ու Ռուսաստանի կողմից մեզ դժգոհ է դարձնում»,- ասել է նա։ Միաժամանակ Բադալյանն ընդգծել է, որ Հայաստանի անվտանգության ապահովման գործում ՀԱՊԿ-ի մասնակցության պատրանքները վաղուց փարատվել են։ 


Փորձագետի կարծիքով, Հայաստանի ներկայիս դեմարշը լուրջ հետևանքներ չի ունենա: Երևանը դժգոհություն է հայտնել ստեղծված իրավիճակից և բավարարվել է դրանով։ Ռուսաստանը չի միջամտում, չի կիրառում ՀԱՊԿ գործիքները, և ոչ մի խնդիր չունի Ադրբեջանի հետ: Գոհ են նաև ՀԱՊԿ անդամ մյուս երկրները, որոնք, դարձյալ չեն խառնվի հայ-ադրբեջանական հակամարտությանը, քանի որ դա իրենց շահերից չի բխում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular