Զելենսկին՝ Բախմուտում ստեղծված իրավիճակի մասին. Ռուսաստանը չի վերահսկում քաղաքը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռազմաճակատում ամենաբարդ իրավիճակը շարունակում է մնալ Դոնեցկի շրջանի Բախմուտում, սակայն թշնամին չի վերահսկում քաղաքը։ Այս մասին Ուկրաինայի նախագահն ասել է Վարշավայում Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ համատեղ ճեպազրույցում, փոխանցում է ՈՒՆԻԱՆ-ը։
«Մեր պետության տարածքում ամենադժվար իրավիճակը հենց Բախմուտում է։ Տարբեր զենքերի ամենամեծ օգտագործումը այստեղ է: Դա շատ, շատ բարդ պատմություն է: Ամեն օր զենքի պակաս կա. մեկ կա հրետանի, կա արկերի բավարար պաշար, մեկ էլ՝ պակասում է։ Մեկ կա հաջողություն Բախմուտի որոշ թաղամասերում՝ առաջ ենք գնում, հետո՝ չկա, նորից նահանջում ենք։ Դա տեղի է ունենում ամեն օր: Բայց մենք Բախմուտում ենք, ու թշնամին Բախմուտին չի տիրապետում։ Սա է ներկա վիճակը»,- ասել է նա։
Զելենսկին հիշեցրել է, որ իրավիճակը Բախմուտում անձամբ վերահսկում է ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Սիրսկին։
Երկրի ղեկավարի խոսքով՝ Սիրսկու համար գլխավորը կադրերի պահպանումն է։
«Ինչպես ինձ համար, ամենակարևորը մեր բանակը չկորցնելն է։ Եվ, իհարկե, եթե լինի էլ ավելի թեժ իրադարձությունների պահ ու վտանգ, որ շրջապատման պատճառով կարող ենք կադրեր կորցնել, ապա տեղում գեներալի կողմից համապատասխան ճիշտ որոշումներ կլինեն։ Ես համոզված եմ դրանում: Բայց որքան համապատասխան զինամթերք հասնի Ուկրաինա, այնքան ավելի արագ մենք կվերադարձնենք իրավիճակը ոչ միայն Բախմուտում, այլ ընդհանրապես մեր պետության տարածքում»,- ասել է Զելենսկին։