ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը հարձակվեց ԼՂ-ի վրա եւ հասավ մինչեւ ՀՀ սահմաններ․ Մարիան Քերին՝ Վահագն Խաչատուրյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր՝ ապրիլի 5-ին, ընդունել է Սլովակիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի աշխատակազմից։

Նախագահ Խաչատուրյանը, ողջունելով հյուրներին, նշել է, որ Սլովակիան Եվրոպայում Հայաստանի կարեւոր գործընկերներից մեկն է, եւ մեր երկիրը պատրաստ է ընդլայնել համագործակցությունն այդ երկրի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում՝ երկկողմ եւ միջազգային հարթակներում:

«Անկախություն ձեռք բերելուց հետո, մենք միշտ զգացել ենք Սլովակիայի աջակցությունը: Մենք այս տարի նշում ենք երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը եւ դա լավ առիթ է՝ մեր համագործակցությունն առավել ընդլայնելու մասին մտածելու համար:

 

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ Լեռանային Ղարաբաղի հարցում ձեր դիրքորոշման համար. այն հայտարարությունները, որ ընդունվել են ձեր խորհրդարանի կողմից աջակցություն են եղել մեզ համար, եւ հույս ենք հայտնում, որ դա կշարունակվի հետագայում եւս:

Դուք մեծ աշխատանք եք կատարել նաեւ ԵՄ Խորհրդի որոշման կայացման գործում՝ Հայաստանում երկարաժամկետ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման համար: Սլովակիան այն վեց երկրներից մեկն էր, որը նախաձեռնեց եւ այդ խնդրով դիմեց ԵՄ բարձր ներկայացուցչին»:

Մարիան Քերին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է. «Մեր այցն ունի երկու հիմնական նպատակ: Առաջինը՝ Հայաստանի եւ Սլովակիայի 30-ամյա համագործակցության առիթն է: Երկրորդը՝ ցանկանում ենք մեր աջակցությունը հայտնել հայ ժողովրդի այն հատվածին, որը հիմա գտնվում է ղարաբաղյան ճգնաժամի ազդեցության գոտում:

Մենք երեկ այցելեցինք Ցեղասպանության հուշահամալիր եւ թանգարան, եւ շատ հպարտ ենք, որ մեր Ազգային ժողովը 2004 թվականին դատապարտել եւ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

2020 թվականին տեղի ունեցավ 44-օրյա պատերազմը, երբ Ադրբեջանը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա եւ նաեւ հասավ մինչեւ Հայաստանի սահմաններ: Այդ իսկ պատճառով մենք 2020-2021 թթ. մեր Ազգային ժողովում ընդունեցինք բանաձեւ, որը դատապարտում էր Ադրբեջանի կողմից իրականացրած այդ քայլերը»:

Հանդիպման ընթացքում Մարիան Քերին իր խոսքում ասել է, որ լավատեղյակ է Լաչինի մարդասիրական միջանցքի շրջափակման շուրջ կատարվող իրադարձություններին եւ շեշտել հումանիտար միջանցքի բնականոն գործունեության վերականգնման անհրաժեշտությունը:

Անդրադառնալով տարածաշրջանային իրողություններին նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ չնայած առկա հիմնախնդիրներին Հայաստանի իշխանությունների նպատակը Հարավային Կովկասում հարատեւ եւ կայուն խաղաղության հասնելն է: Հանրապետության նախագահը շեշտել է, որ Հայաստանը հավատարիմ է եւ Թուրքիայի, եւ Ադրբեջանի հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման, առանց նախապայմանների սահմանների բացման եւ հաղորդակցության ուղիների ապաշրջափակման իր դիրքորոշմանը:

Զրույցի ընթացքում երկուստեք կարեւորվել է միջխորհրդարանական դիվանագիտության խթանմանն ուղղված ջանքերը, ինչպես նաեւ քաղաքական ամենաբարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular