Պատերազմների, վառոդի, արյան հոտն է տարածվում…մի կողմից Ռուսաստանն է իր արթնացած, վերագտած հավակնություններով, մյուս կողմից ԱՄՆ-ն իր դաշնակից թուրքական աշխարհով, իրենց լուրջ աշխարհաքաղաքական շահերով
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՌոբերտ Մելքոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Մի տեսակ շատ բարդ, հակասական, խառնակ, վտանգավոր, հասկանալի և անհասկանալի ժամանակաշրջան ենք ապրում:
Պատերազմների, վառոդի, արյան հոտն է տարածվում…Խառնվել է ամեն ինչ՝ Արևելք-Արևմուտք, Ռուսաստան-Միացյալ Նահանգներ, Պարսկաստան-Իսրայել, Թուրքիա, Սաուդյան Արաբիա, կրոններ, սեռեր, ռասաներ, բնիկներ, փախստականներ, ահաբեկչություններ, հիբրիդային պատերազմներ…Բաբելոնյան աշտարակ է դարձել Երկիրը՝ կործանվում են պետությունները, արժեզրկվում սրբություններն ու արժեհամակարգերը, շատանում մարդկային զոհերը…Փոխադարձ անվստահության ու թշնամանքի մթնոլորտ է ամենուր...
Ցավալի է, սակայն կարծես սլաքը Սիրիայից ուղղվելու է դեպի հյուսիս: Հերթը Իրանինն է՝ պարսիկներինը: Իրանը Միացյալ Նահանգների հերթական թիրախն է և ուշադրության կենտրոնը, չնայած շատ պինդ «ընկույզ է»՝ այն դժվար է ջարդել: Մի խոսքով տարածաշրջանը դարձել է Սոդոմ-Գոմոր, դժոխքի խառնարան…
Մի կողմից Ռուսաստանն է իր արթնացած, վերագտած հավակնություններով, Իրանի հետ այդ տարածաշրջանում իրենց շահերով, իրենց ազդեցության ոլորտներով, մյուս կողմից ԱՄՆ-ն իր դաշնակից թուրքական աշխարհով, իրենց լուրջ աշխարհաքաղաքական շահերով, կորուստնեը հետ բերելու ձգտումներով ու փորձերով: Բնականաբար նրանց դաշնակիցն է Իսրայելը՝ հրեական ֆինանսատնտեսական ողջ ներուժով հանդերձ, գումարած իրենց դեմքն ու ինքնասիրությունը, ինքնուրույնությունը «կորցրած» եվրոպական երկրները, նավթի և գազի հարուստ պաշարներ ունեցող Սաուդյան Արաբիան:
Պարսկաստանը լուրջ մտածելու խնդիր ունի, սկզբնական շրջանում՝ այս իրավիճակում, պետք է նրբորեն, բայց հետևողական ու ակտիվորեն օգտագործի Ադրբեջանի շիա ազգային փոքրամասնությունների և Թուրքիայի, Իրաքի քրդերի խաղաքարտը և նոր փորձի ամրապնդել իր դիրքերն այդտեղ: Այլապես ԱՄՆ-ը, Թուրքիան, մյուսները կօգտագործեն ադրբեջանական- թուրքական դանդաղ գործողության ականը տեղադրված Իրանի գլխավերևը՝ հանձինս շուրջ 30 մլն-ի հասնող ադրբեջանցի թուրքերի, որը «պայթեցնելու» պատրույգների ծայրերը կամ կառավարման վահանակները գտնվում են Թուրքիայում և Ադրբեջանում: Իսկ պարսիկներից հետո նրանք Իրանում երկրորդ խոշոր էթնիկ խումբն են՝ բնակչության շուրջ 37 տոկոսը, չհաշված Իրանի հարավում բնակվող Կաշկայա ցեղին, որոնք նույնպես խոսում են ադրբեջաներեն:
Եվ ցավալի է, սակայն ինչ վատ բան լինի Հայաստանն անպայման ցավոք սրտի այնտեղ կա…Այդ ականը նաև Հայաստանի «ոտքերի» տակ է՝ վտանգավոր ու հղի ծանր հետևանքներով:
Սա նաև պատճառներից մեկն է, որ առայժմ այս վիճակում մենք ռուսներին այլընտրանք չունենք՝ հատկապես Վրաստանի Եվրամիությանը, ՆԱՏՕ-ին անդամակցելու արդեն իրական հնարավորություններից հետո:
Զգուշավորության, խուսանավելու, գերճշգրիտ հաշվարկների, քայլերի ժամանակաշրջան է, որպեսզի էլի ոտնատակ չլինենք…