ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ հետաքրքրություններ ունեն Ռուսաստանն ու Թուրքիան Հայաստանի եւ Ադրբեջանի հարցում․ փորձագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ ապրիլի 7-ին կայացած բանակցությունների արդյունքում հայտարարել է, որ Անկարան անհրաժեշտ է համարում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքումը: Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը NEWS.am-ի հետ զրույցում պարզաբանեց, որ Չավուշօղլուն հայտնել է Թուրքիայի դիրքորոշումը, որն է՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պայմանագրի կնքում, իհարկե, ամբողջությամբ Բաքվի պայմաններով: «Դա Թուրքիայի, ինչպես եւ Ադրբեջանի հիմնական նպատակն է՝ փորձել օգտվել, դեռ Հայաստանը լիովին չի վերականգնվել, լիովին չի վերականգնել իր անվտանգության համակարգը, հնարավորինս շուտ պայմանագիր կնքել Ադրբեջանի առավելապաշտական պայմաններով»,-հավելեց փորձագետը: Նշենք, որ Լավրովն իր հերթին ողջունել է «ռուսական աջակցությամբ սկսված Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը, տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման եւ Հարավային Կովկասի հետկոնֆլիկտային վերականգնման ջանքերը»։        

Սաֆրաստյանը բացատրեց, որ Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմամբ, որպեսզի Հարավային Կովկասի տարածաշրջանում սկսեն գործել արգելափակված հաղորդակցությունները, Մոսկվան շահագրգռված է հաղորդակցությունների ապաշրջափակմամբ: «Դա կարեւոր է Ռուսաստանի համար իր համար այս պատմական պահին։ Մոսկվան շահագրգռված է նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմամբ, որպեսզի մենք տարածաշրջանում կայուն իրավիճակ ունենանք»,-կարծում է թուրքագետը։ Նա հավելեց, որ Ռուսաստանին, հաշվի առնելով Ուկրաինայում տիրող իրավիճակը, տարածաշրջանում անկայուն իրավիճակ պետք չէ, որը ցանկացած պահի կարող է վերաճել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ զինված հակամարտության:

Ռուս նախարարը նաեւ հայտարարել է, որ Մոսկվան հույս ունի, որ Անդրկովկասի կարգավորմանը չեն միջամտի արտատարածաշրջանային խաղացողները։ Սաֆրաստյանը պարզաբանեց, որ հաշվի առնելով այն, որ Արեւմուտքի հետ հարաբերությունները սրվել են մինչեւ Ռուսաստանի սահման, պետք չէ, որ Արեւմուտքը որեւէ ազդեցություն ունենա Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա:

Արամ Դանիելյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular