ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եկեղեցու և իշխանության միասին չաշխատելը չի բխում ՀՀ քաղաքացու, պետական շահի և Սփյուռքի հետ համագործակցության շահերից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կիրակի օրը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցավ զատկական կաթողիկոսական պատարագ, որին կրկին չէր մասնակցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր ընտանիքի անդամները։

Այն, որ եկեղեցու և իշխանության միջև հակասություններ կան, գաղտնիք չէ, որևէ մեկի համար։ Կարևոր է, որ անկախ պետության ղեկավարի վերաբերմունքից անձամբ կաթողիկոսի նկատմամբ, միևնույն է անհրաժեշտ է գոնե ձևի պահպանության համար ներկա գտնվել նման կարևոր միջոցառումների՝ առնվազն տաղավար տոների օրերին։ Եթե ներքուստ պատարագի բովանդակության հետ համաձայն չեն, միևնույն է կան ձևավորված և ավանդույթ դարձած կարգեր, ըստ որի երկրի ղեկավար կազմը մշտապես ներկա է գտնվում տաղավար տոների պատարագներին։

Առաջին նախագահից սկսած այս համագործակցությունը կար, որը պահպանվեց նաև երկրորդ նախագահի օրոք, իսկ երրորդ նախագահի կառավարման ընթացքում այդ համագործակցությունն այնքան էր սինքրոնացել, որ եկեղեցու իշխանություն լինելու մասին արդեն խոսում էր հասարակությունը։ Նոր պետական մասնաշենքեր բացելիս, նոր կառույցներ հիմնադրելիս մշտապես ներկա էր կաթողիկոսը։  Եկեղեցին մասնակցում էր նաև իրեն վերաբերող օրենսդրական նախաձեռնությունների քննարկմանը։ Օրինակ՝ երկուշաբթի օրերը որոշ ժամանակ մեռելոցի օր էր համարվում, իսկ շաբաթ օրերն աշխատում էին դրա փոխարեն։

Որևէ մեկը չի վիճում այն հարցում, որ եկեղեցին պետք է էական դերակատարում ունենա պետության կառավարման մեջ և հենց այդ կառույցի ամրությունից է կախված պետության ազգայնականության էական մասը։  Բայց այս գիծը ևս խախտված է։

Իշխանության ու եկեղեցու կոնֆլիկտը նոր չէ։ 2020թ-ից հետո Նիկոլ Փաշինյանին և Գարեգին Բ-ին միասին որևէ միջոցառման տեսնելը, եթե եղել է, ապա բացառություն է։ Պատերազմից հետո երկրում հայտարարվեց սգո օրեր և նույնիսկ այդ ժամանակ Էջմիածնում մատուցվող պատարագին Նիկոլ Փաշինյանը չմասնակցեց, հետագայում Եռաբլուր գնալու բազմաթիվ առիթներ եղան՝ սեպտեմբերի 27-ի պատերազմի տարելից, Բանակի օր, Շուշիի ազատագրման օր և այլն, սակայն կամ կաթողիկոսը միայնակ էր գնում Եռաբլուր կամ չէր գնում։  

Կաթողիկոսի չհամագործակցելը վեհարանը բացատրում է համապատասխան հարգանքի բացակայությամբ, օրինակ հրավեր ուղարկել Մայր Աթոռին, բայց չնշել որ այն ուղղված է կաթողիկոսին և այլն։ Իսկ նախկին նախագահների հետ հանդիպումից հետո իշխանությունը ներքին արշավ սկսեց Գարեգին Բ-ի նկատմամբ, որին ի պատասխան երկար ժամանակ լռող կաթողիկոսն ի վերջո սկսեց դրավգ-դրվագ խոսել իշխանության սխալների մասին։

Եկեղեցու և իշխանության միասին չաշխատելը չի բխում ՀՀ քաղաքացու, պետական շահի և Սփյուռքի հետ համագործակցության շահերից։ Այս իրավիճակը ևս մեկ դրվագով հայ ժողովրդին իր արմատներից հեռու պահելուն է միտված, որի գիծը հետևողականորեն առաջ է տանում իշխանությունը։

Աննա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular