ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խաղաղ պայմաններում մեկ ամսվա ընթացքում ՀՀ բնակչության թվի համեմատ 10 զոհը չափազանց շատ է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայ-ադրբեջանական սահմանին կրկին էսկալացիա է և էլի զոհեր ու վիրավորներ: Սա իշխանության խոստացած «խաղաղության դարաշրջանն» է, որտեղ ապագա կա՛, կա՛ ապագա: Իսկ իրականում քարոզարշավից հայտնի մուրճն ընկնում է նրանց գլխին, ովքեր ամենաշատն էին հավատում դրա հարվածի ճշգրտությանը: Օրերս Սիսիան համայնքը ՏԻՄ ընտրություններում էլի իր քվեի մեծամասնությունը տվեց իշխող թիմին, որից օրեր անց բառի բուն իմաստով ադրբեջանցի զինծառայողները թակեցին նրանց դուռը, կերան նրանց հացը և հագան նրանց հագուստը, հիմա էլ ազատ շրջում են ՀՀ տարածքում:

Տեղ գյուղի էսկալացիայի արդյունքում, ըստ պաշտոնական տվյալների, կա 4 զոհ և 6 վիրավոր: Այս հատվածում նախորդ ամիս էլ թշնամու հետ բախման արդյունքում ոստիկաններ զոհվեցին, հետո դիպուկահարի կրակոցից էլի զինվոր զոհվեց, իսկ խաղաղ բնակչության վրա կրակահերթերը չեն դադարում:

Այս բոլոր դեպքերն ունեն մեկ ընդհանուր գիծ՝ Ադրբեջանը կրակում է հայկական կողմը կամ պատասխանում է, կամ ոչ, Ադրբեջանը դադարաում է կրակել՝ հայկական կողմը նույնպես, և այսպես 2020թ-ից ի վեր: Խնդիրն այն է, որ թշնամին չի պատժվում և ոչ մի հարթությունում,  ինչի արդյունքում օր օրի ավելի է լկտիանում: Կար մի ժամանակ, երբ հայկական կողմի մեկ զոհի դիմաց առնվազն 2 զոհ պիտի թշնամին տար և դրա մասին գիտեին նաև ադրբեջանցիները, իսկ հիմա վստահ են, որ նույնիսկ պատժելու մասին չեն էլ մտածում՝ չէ՞ որ խաղաղության դարաշրջան ենք բացում, բայց ո՞ւմ և դեռ որքա՞ն կյանքերի հաշվին՝ խաղաղություն  աղերսող իշխանությունը չի պատասխանում:

Թշնամի պետությանը միջազգային հանրություն կոչվածը նույնիսկ հասցեական կոչ չի անում, ուղղակի հորդորում են կողմերին և վերջ: Դեռ որևէ միջազգային կառույց ամենա աննշույլ քայլը՝ Ադրբեջանին, որպես ագրեսոր, ձայնի իրավունքից չի զրկել, պատժամիջոցներ չի կիրառել: Կա Հաագայի դատարանի որոշում, որի գոյության մասին որևէ մեկը չի հիշում,  իսկ դրա մասին աղաղակելու փոխարեն ՀՀ ԱԳ նախարարությունը խաղաղություն է խնդրում: Քանի դեռ հայկական կողմի արձանգրված հաղթանակ չկա, քանի դեռ հայկական բանակը նորից անպարտելի չի դարձել և բազկի ուժով Ադրբեջանին չի պարտադրել այդ խաղաղությունը, որևէ խաղաղություն չի լինելու: Խաղաղ պայմաններում մեկ ամսվա ընթացքում ՀՀ բնակչության թվի համեմատ 10 զոհը չափազանց շատ է…

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular