«Հայաստան» դաշինքը փլուզման շեմին է
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայաստանի խորհրդարանում տիտղոսային ընդդիմության թիվ մեկ խմբակցությունը՝ «Հայաստան» դաշինքը վաղուց արդեն փլուզման եզրին է։
Դաշինքում լրջագույն խմորումներ են ընթանում։ Պատգամավորներն ու դաշինքի անդամները տեղյակ չեն, թե ինչ հստակություն ունի ընդդիմադիր միավորումը և դեպի ո՞ւր են գնում։
Դրա հետևանքով բոլորը բոլորին սկսել են կասկածել իշխանության հետ համագործակցելու մեջ, ինչն էլ հանգեցրել է նրան, որ «Հայաստան» դաշինքը վաղուց այլևս միակուռ կառույց չէ, ձևավորել են տարբեր խմբավորումներ, որոնք իրար հետ շատ ավելի լուրջ հակամարտության մեջ են, քան նույնիսկ փաշինյանական իշխանության։ Հատկապես վերջին շրջանի մի շարք իրադարձություններ յուղ են լցրել այս իրավիճակի վրա։ «Հայաստան» դաշինքից մեր աղբյուրի փոխանցմամբ՝ պատգամավորներին զայրացրել է նախկին փոխվարչապետ Արմեն Գրիգորյանի «վոյաժները» և երջանիկ ժպիտը «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորների հետ։ Լրջագույն կասկածի տակ է դրվում Արծվիկ Մինասյանի գործունեությունը։ Վերջինս փոխանակ իր կուսակից Մհեր Սահակյանին աջակցելու, ջան ու ղուրբանով է խոսել Քաղպայմանագրի պատգամավորի հետ, նույնիսկ խոստումներ տվել, թե իրենք կպատժեին Մհեր Սահակյանին, թեպետ հրապարակային Մինասյանը հակառակն է ասում, սակայն «Հայաստան» դաշինքում չեն կասկածում, թե նա իրականում ինչ է ասել։ Վերջին դեպքը պատգամավոր Գեղամ Նզարյանի մի հարցազրույցն էր. «Ես ինքս ինձ կանլրջացնեմ, եթե ասեմ, թե Նիկոլը դավաճան է»,- նշել էր նա։
Բուռն քննադատությունից և սեփական գործընկերների հանդիմանանքին արժանանալուց հետո Նազարյանը ստիպված է եղել ֆեյսբուքյան մի գրառում անել և հայտարարել, թե Նիկոլ Փաշինյանը իր համար ավելին է, քան դավաճանը։ Խնդիրներ կան կապված նաև խմբակցության ղեկավար Սերյան Օհանյանի մասով։
Վերջինիս վաղուց արդեն այլևս լուրջ չեն ընդունում սեփական կառույցում։ Նրան արժանի ղեկավար չեն համարում և կարծում են, թե Օհանյանը ավելի շատ խնդիրներ է ստեղծում, քան լուծում։ Օհանյանը նաև գտնվում է սեփական կնոջ ազդեցության տակ, որն ավելի շատ է որոշում «Հայաստան» դաշինքի քաղաքականությունը, քան շարքային պատգամավորները։
Ընդդիմադիր դաշինքում նաև արմատական թև է ձևավորվել Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ և այդ թևը չափազանց դժգոհ է իրենց գործընկերների վարքագծից։ Սպասում են, որ Ռոբերտ Քոչարյանն ինքը միջամտի, ուշքի բերի իր գործընկերներին։ Քոչարյանն, ի դեպ, Հայաստանում չէ, թեև խիստ կասկածներ կան, որ նույնիսկ վերադարձից հետո ցնկություն կունենա ինչ-որ բան փոխել «Հայաստան» դաշինքում։
Ռոբերտ Քոչարյանն ինքն էլ հասկանում է, որ սա այլևս տապալված նախագիծ է և ողջ պատասխանատվությունը թողել է ՀՅԴ-ի վրա։ Վերջիններս էլ զբաղված են սեփական և իրենց կուսակցական հարցերը լուծելով։ Մասնավորապես, Իշխան Սաղաթելյանն այս օրերին գտնվում է Միացյալ նահանգներում և դրամահավաք է սկսել՝ դրսի դաշնակցականներին համոզելով, թե իբր գումար է պետք Հայաստանում Նիկոլ Փաշինյանի դեմ նոր շարժում սկսելու համար։
Նորայր Կարապետյան