ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միառժամանակ անհայտ…երաժշտական գործիք սանթուր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սանթուրը բազմալար հարվածվող նվագարան է։ Հին պարսկերենից թարգմանաբար «սանթուր» բառը նշանակում է «հարյուր լար»։ Այդ գործիքն ունի փայտյա տափակ և սեղանաձև իրան, որի վերևի կափարիչի վրա կան ձայնադարձիչ անցքեր։ Լարերը մետաղյա են ձգված «սեղանի» հիմքերին: Սանթուր նվագում են ծնկներին դրած կամ հատուկ հենարանի վրա դրված, մետաղյա կամ փայտյա մուրճիկներով, ինչի պատճառով էլ այն համարվում է լարային-հարվածային նվագարան։ Գործածվում է հիմնականում նվագակցելու համար, քաղաքային սազանդարական, նաև աշուղական խմբերում։ Բուն պարսկական սանթուրն ունի երկու կամրջակ, որոնք նվագարանի համար ապահովում են մոտ երեք օկտավա հնչյունածավալ։ Իսկ ահա գործիքի հնդկական տարբերակն ավելի լայն է և ուղղանկյունաձև։


Սանթուրի նախատիպը ծագել է Միջագետքում և շուտով լայնորեն տարածվել Իրանի տարածքում։ Միջագետքյան սանթուրն ունեցել է հունական ընկուզենու փայտից պատրաստված սեղանաձև իրան և պողպատե կամ բրոնզե 92 լար, նրա կառուցվածքի մեջ օգտագործվել են նաև քարեր և այծի աղիներ։ Թեև հին պարսկերենից թարգմանաբար նվագարանի անվանումը նշանակում է «հարյուր լար», սակայն ըստ որոշ ուսումնասիրողների նվագարանի անունը ծագել է շումմերերեն "Sant" (հնչյուն) և "Ur" բառերից, որ նշանակում է Ուր քաղաքի ձայնը։ Ի դեպ, շումմերական այդ հնագույն քաղաքի տարածքում առաջին բնակավայրը ձևավորվել է մ.թ.ա. 5-րդ հազարամյակի վերջին։ Դրանից հետո Սանթուրը թափանցել է նաև պատմական Հայաստան, Ասորիք և ներկայիս Քուվեյթի տարածք։ Իսկ ավելի ուշ այն տարածվել է Անդրկովկասում, Մերձավոր Արևելքում և Միջին Արևելքում։ Այսպես տարածվելով տարբեր երկրներում, սանթուրը տարբեր ժողովուրդների մոտ ենթարկվել է որոշ փոփոխությունների, կատարելագործվել ու զարգացել է, ինչի շնորհիվ առաջացել են նվագարանի արտաքին տեսքի որոշ առանձնահատկություններով, տարբեր լարվածքով ու հնչյունածավալով մի քանի տարբերակներ։ Սանթուրը հանդիսանում է տավիղի, չինական յանգքինի, կլավիկորդի, քանոնի և եվրոպական ցիմբալի նախահայրը։ Սանթուրը Եվրոպայի տարածք է թափանցել միջնադարում արաբների միջոցով, երբ հյուսիսային Աֆրիկայից նրանք անցել ու հաստատվել են Իսպանիայում։ Մոտավորապես այդ շրջանում է նաև այն հասել Չինաստան։


Ըստ հնագիտական նյութերի նվագարաններն, առհասարակ, Հայկական լեռնաշխարհում եղել են դեռ մ.թ.ա. 2-րդ հազարամյակից։ Սակայն երաժիշտների մասին հիշատակություններ կան դեռևս մ.թ.ա. 3-րդ հազարամյակին վերաբերող խուռիական սեպագիր արձանագրություններում, ինչը ենթադրել է տալիս, որ երաժիշտներ և նվագարաններ եղել են նաև սահմանակից հայկական բնակավայրերում։ Հայկական սանթուրի մասին հին և միջնադարյան աղբյուրները խիստ սահմանափակ տեղեկություններ են հաղորդում։ Սանթուրահարների պատկերներ են հանդիպում մի քանի ձեռագիր մատյաններում և տապանաքարերի վրա կատարված պատկերաքանդակներում։ Երկար ժամանակ ավանդական հայկական սանթուրը մոռացվել է, և դրա փոխարեն երաժշտական դպրոցներում ուսուցանվել և տարբեր համույթներում էլ գործածվել է եվրոպական ցիմբալը, որը թեև տեսքով նման է հայկական սանթուրին, բայց ունի սահմանափակ ձայնածավալ և աղքատիկ տեմբրային հնարավորություններ։ Բաս-քանոններ պատրաստող վարպետ Ալբերտ Զաքարյանը 2014 թվականին ներկայացրել է իր ստեղծած հայկական բաս-սանթուրը, որը մեղեդուն հաղորդում է նոր հնչերանգներ, և ունկնդրին է փոխանցում  բոլորովին այլ զգացողություններ։ Ներկայումս հայ պրոֆեսիոնալ սանթուրահարներն իրենց կրթությունը ստանում են կոնսերվատորիայի ազգային նվագարանների համապատասխան բաժնում:
 
Կ.Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular