ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քաղաքացիական պայմանագիրը» դուրս է գալիս Նիկոլ Փաշինյանի վերահսկողությունից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դուրս է գալիս Նիկոլ Փաշինյանի վերահսկողությունից։ ՔՊ-ն ընդհանրապես իր ստեղծման օրից, հատկապես 2018 թվականի այսպես կոչված հեղափոխությունից հետո, երբեք էլ միակուռ կառույց չի եղել։

Նիկոլ Փաշինյանը իր խմբակցության և գործադիր մարմնում նշանակել է մարդկանց, որոնց դեպքում ամենակարևոր և թիվ մեկ հատկանիշը եղել է բացարձակ հավատարմությունը, զուտ միայն Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ Որևէ մասնագիտական հմտություն, կրթություն, սկզբունք երբեք էլ հաշվի չի առնվել։

Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը սեփական իշխանությունն ամրապնդելու իր ջանքերում մարդկանց որակներին չի նայել, նայել է միայն նրանց հավատարմությանը։ Միգուցե այս հանգամանքը կարող էր արդարացված համարվել մինչև 44-օրյա պատերազմը, սակայն դրանից հետո այլևս փաստ է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը լուրջ բեռ և վտանգ է ներկայացնում ոչ միայն Հայաստանի ազգային անվտանգությանը, այլ նաև հենց անձամբ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին։

Բանն այն է, որ վերջին շրջանում հատկապես, երբ իրավիճակը օրեցօր սրվում է, իսկ աշխարհաքաղաքական իրադրությամբ պայմանավորված «Քաղաքացիական պայմանագիրն» ինքն էլ չի հասկանում արևմտամետ է, թե ռուսամետ, որ դաշտում պետք է խաղա, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները պարզապես չեն հասկանում, թե ինչ է կատարվում, ուստի և նյարդային և ջղաձիգ կծկումներ են իրականացնում՝ երբեմն կորցնելով իրականության և չափի զգացումը։

Թերևս զուտ այս հանգամանքով է պայմանավորված ՔՊ ամենատարեց պատգամավորներից մեկի՝ Հովիկ Աղազարյանի լկտի և լպիրշ պահվածքը սոցիալական ցանցերում, և տարբեր կանանց հասցեին այդ անձնավորությունը պարզապես ամենավերջին հայհոյանքներն է տալիս, հայոյհանքներ, որոնք նույնիսկ նախկին իշխանությունից ցանկացած ներկայացուցիչ իրեն երբևէ թույլ չի տվել անգամ մտածել, ընդ որում, Աղազարյանը բացառիկ չէ իր այս քայլով։

Տևական ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները իրենց իսկ ընտրողների հետ հարաբերվում են հայհոյանքների, ամենավերջին միջոցների լեզվով։ Մինչ Փաշինյանը փորձում է համոզել, թե սիրում է բոլորին և խոնարհվում է բոլորի առաջ, մյուսները բոլորի հետ խոսում են հայր ու մայր հիշելով։ Թեև 2021 թվականին հանրության մի զգալի հատվածը գնաց և ձայն տվեց Փաշինյանին, այսօր այլևս իրավիճակ է փոխվել և շատ շուտով «Քաղաքացիական պայմանագրին» հիշեցնելու են իր ցանկացած լպիրշությունը։

Աննա Նադոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular