ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի դրոշի հետ կապված միջադեպը չի արտահայտում Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը. ԿԳՄՍՆ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Որպես ծանրամարտի Եվրոպայի 2023 թվականի առաջնությունը հյուրընկալող կողմ լուրջ մտահոգությամբ ենք ընդունել ապրիլի 14-ին առաջնության բացման արարողության ժամանակ Ադրբեջանի Հանրապետության պետական դրոշի հետ կապված միջադեպը: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից ընդգծում են, որ միջադեպը, որն արարողության ժամանակ անմիջապես հարթվել է և որևէ կերպ չի խոչընդոտել բնական ընթացքին, չի արտահայտում Հայաստանի Հանրապետության իշխանությունների դիրքորոշումը և դատապարտելի է սպորտային արժեքների և արդար խաղի (Fair Play) համընդհանուր սկզբունքների տեսանկյունից:

Միաժամանակ, ափսոսանքով ենք արձանագրում Ադրբեջանի թիմի՝ առաջնությունը լքելու վերաբերյալ կայացրած որոշումը և հավելում, որ անվտանգության հետ կապված որևէ խնդիր չի եղել, քանի որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն ի սկզբանե ապահովել է և շարունակում է ապահովել անվտանգության բոլոր չափանիշներն առաջնության մասնակից պատվիրակությունների համար: Կառավարությունը հավատարիմ էր լրացուցիչ անվտանգային միջոցառումներ ապահովելու ադրբեջանցի մարզիկների համար նախկինում իր կողմից ստանձնված պարտավորությանը: Դրա վկայությունն այն է, որ գրեթե երկու օր ադրբեջանցի մարզիկներն անվտանգ և ապահով գտնվել են Հայաստանում, իսկ առաջնությունը լքելու որոշումն ընդունելուց հետո համապատասխան ծառայություններն ապահովել են նրանց անվտանգ մեկնումը:

Այս առաջնությանը պատրաստվելիս Հայաստանի Հանրապետությունն իրականացրել է մեծածավալ աշխատանք և նշանակալի ներդրումներ: Կացության, մարզումների, մրցումների պայմանները, տեխնիկական ապահովումը, հեռուստատեսային ցուցադրությունը, նախադեպը չունեցող բացման արարողությունն ամենաբարձր գնահատականի են արժանացել մեր միջազգային գործընկերների կողմից: Բազմաթիվ արձանագրումներով՝ Հայաստանում անցկացվող Եվրոպայի այս առաջնությունն իր կազմակերպմամբ վստահորեն կարող է մրցել աշխարհի առաջնությունների կազմակերպման հետ: Համոզված եմ, որ մրցաշարի ավարտից հետո կկարողանանք արձանագրել, որ Հայաստանը կարող է հավակնել կազմակերպելու ավելի մեծ մրցաշարեր, այդ թվում՝ աշխարհի առաջնությունը:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, ծանրամարտի Եվրոպայի առաջնության կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանն էլ, անդրադառնալով միջադեպին, ասել էր հետևյալը.

«Մեկ տարի շարունակ մի մեծ թիմ աշխատեց, որպեսզի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը լիներ լավագույնը: Ամեն դետալ քննարկվել է ժամերով ու օրերով, հաշվի են առնվել քաղաքական, մարզական, բարոյահոգեբանական բոլոր նրբությունները: Արդյունքում ստացանք մի միջոցառում, որի համար մեր հայրենակիցները կարող են միայն հպարտություն ապրել:
 
Իհարկե, միջադեպը թույլ չտվեց լիարժեք վայելել Հայաստանը նորովի ներկայացնելու մեր ջանքը, որպես նորարարական, մշակութային, մարզական վերածնվող կենտրոն, որի հետ արժե խոսել, համագործակցել, ընկերություն անել: Ու ամեն դեպքում, գուցե ամենավերջին դետալը հաշվի չէինք առել, չէինք հաշվարկել, ու տեղի ունեցավ այս միջադեպը»:

Հիշեցնենք, որ ծանրամարտի ԵԱ առաջնության բացման արարողության ժամանակ Ադրբեջանի դրոշն այրելու միջադեպից հետո Բաքուն հայտարարել է, որ հետ է կանչում իր մարզիկներին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular