ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե միջազգային մեխանիզմներ չձևավորվեն, խաղաղության պայմանագրի ստորագրման հաջորդ օրը կարող է նոր էսկալացիա տեղի ունենալ. Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հնարավոր պայմանագրի իրագործման երաշխավորող միջազգային մեխանիզմներ պետք է ձևավորվեն, հակառակ դեպքում պայմանագրի ստորագրման հաջորդ օրը կարող է պատերազմ բռնկվել կամ նոր էսկալացիա տեղի ունենալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցին ներկայացմանը:

Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականությունները ճանաչելու մասին՝ վարչապետն ասաց, որ Հայաստանն է առաջարկել, որ պայմանագրին կցվեն հայկական և ադրբեջանական ԽՍՀ-ների՝ ԽՍՀՄ կողմից հաստատված քարտեզները՝ որպես երկու երկրների տարածքային ամբողջականության հիմք:

«Բայց այստեղ է, որ հասնում ենք ամենամեծ ու ամենաբարդ խնդրին՝ ԼՂ-ին: Եվ կա մի նրբություն, որը վերջին 16 տարվա ընթացքում խիստ հրատապ է եղել, բայց դրան այդպես էլ մենք երբեք արդրադարձ չենք կատարել: Եվ խնդիրն այն է, որ մենք սովորաբար անդրադարձ ենք կատարել ու կատարում ԼՂ ապագային, բայց կարևոր է հակամարտության գոյության ողջ ընթացքում որևէ պահի ԼՂ-ի իրավիճակի հարցին նույնպես անդրադառնալ»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ վերջին 5 տարվա ընթացքում ինքը սա մի քանի անգամ է փորձել անել, բայց ցավոք, թեման վերաճում է ընդդիմություն-իշխանություն բանավեճի, ինչը նույնպես նորմալ համարեց:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության ողջ ընթացքում տարածքային ամբողջականության ու ինքնորոշման սկզբունքները դրվել են կողք-կողքի: Սրանով իրականում արձանագրվել են իրողություններ, որոնք մենք չենք խոստովանել, բայց, անկախ մեր խոստովանությունից, դրանք գոյություն ունեն: Այս համատեքստում ինքնորոշման իրավունք նշանակում է, որ դու ինքնորոշման իրավունքի շահառուի՝ պայմանականորեն «Ա» կարգավիճակը վերանայելու հարց ես դնում: Դա տեսականորեն կարող է նշանակել «Ա» կարգավիճակը վերանայել, դարձնել «Բ» կարգավիճակ, կամ վերանայել ու չփոխել, կամ վերանայել ու դարձնել «Ա+1», «Ա-1» կարգավիճակ»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը նշեց, սակայն, որ առանց ֆիքսելու «Ա» կարգավիճակը, ապագա որևէ կարգավիճակի, այսինքն՝ ինքնորոշման մասին խոսք լինել չի կարող այս տրամաբանությամբ:

«Եթե ինքնորոշման հարց եք բարձրացնում, նշանակում է՝ ինչ-որ մի բանի մաս ես:  Եթե ինչ-որ մի բանի մաս չես, ուրեմն կամ արդեն ինքնորոշվել ես, կամ ինքնորոշման կարիք չունես: Հիմա մենք ինքներս սեփական ձեռքերով, ձեզ հայտնի ժամանակ, բանակցային, քաղաքական աշխարհաքաղաքական այս իրողությունը ստեղծել ենք, «ցեմենտել ենք», բայց դրանից հետո ասել ենք՝ ԼՂ-ի համար ցանկանում ենք «Բ» կարգավիճակ, բայց այդպես էլ երբեք հրապարակային չենք ընդունել «Ա» կարգավիճակը: Սրանով խաբել ենք ինքներս մեզ, Հայաստանի ժողովրդին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդին»,- ասաց նա՝ հավելելով, որ մինչև այդ փաստի հետ չառերեսվենք, երբեք խաղաղություն չի լինելու:

Վարչապետը խաղաղությունը համարում է իր քաղաքական հանձնառությունը: Նա այս համատեքստում չափազանց կարևորեց, որ Բաքվի ու Ստեփանակերտի միջև երկխոսության միջազգային մեխանիզմ ձևավորվի, ու այդ մեխանիզմը ապահովի ԼՂ հայության իրավունքների ու անվտանգության ապահովման օրակարգի իրացումը:

«Չափազանց կարևոր է, որ խաղաղության հնարավոր պայմանագրի իրագործման երաշխավորող միջազգային մեխանիզմներ ձևավորվեն, հակառակ դեպքում պայմանագրի ստորագրման հաջորդ օրը կարող է պատերազմ բռնկվել կամ նոր էսկալացիա տեղի ունենալ»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը կարևորեց նաև տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների բացումը: Սակայն նոյեմբերի 9-ի հայտարարության 3-րդ կետով սահմանված ճանապարհները պետք է վերաբացվեն կողմերի սուվերենության և իրավազորության հիման վրա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular