ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել հանրային ծառայության մի շարք տեսակների համար սահմանված արգելքը
ԻՐԱՎՈՒՆՔՊաշտպանի դիմումի հիման վրա սույն թվականի ապրիլի 11-ին Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել զինված ուժերի, ոստիկանության, ազգային անվտանգության, դատախազության մարմինների ծառայողների, ինչպես նաև դատավորների և Սահմանադրական դատարանի դատավորների համար սահմանված՝ արհեստակցական կազմակերպության մասնակից լինելու բացարձակ արգելքը։
Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթների ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանել 2023 թվականի նոյեմբերի 11-ը՝ հնարավորություն տալով Ազգային ժողովին մի շարք օրենքների իրավակարգավորումները համապատասխանեցնելու ՍԴ որոշմանը:
Նույն որոշմամբ Սահմանադրական դատարանը նաև Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել ազգային անվտանգության մարմինների ծառայողի՝ կրոնական կազմակերպության անդամ լինելու և զինծառայողի՝ կրոնական միավորումներ ստեղծելու արգելք սահմանող դրույթները։
Հիշեցնենք, որ 2022 թվականի օգոստոսի 23-ին Պաշտպանը դիմում էր ներկայացրել Սահմանադրական դատարան՝ վիճարկելով «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 41-րդ, 45-րդ, 78-րդ, 79-րդ հոդվածներին։ Պաշտպանը վիճարկել էր սահմանված արգելքների համապատասխանությունը կրոնի ազատության, միավորումների ազատության իրավունքներին, համաչափության և որոշակիության սկզբունքներին։