Հռոմի ստատուտի ճակատագիրը՝ անհայտ. «Ժողովուրդ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ կառավարությունը դեռ չի որոշել՝ ինչպես է վարվելու Հռոմի ստատուտի հետ: Ինչպես հայտնի է, մարտի 24-ին ՀՀ Սահմանադրական դատարանը հայտարարեց, որ Միջազգային քրեական դատարանի հիմք հանդիսացող Հռոմի ստատուտը համապատասխանում է երկրի Սահմանադրությանը, եւ Հայաստանի կառավարությունը կարող է շարունակել համաձայնագրի վավերացման գործընթացը։
Այս հանգամանքից հետո տարաբնույթ հայտարարություններ հնչեցին նաեւ այն մասին, թե այս քայլով Հայաստանը նաեւ դեմ է գնում ՌԴ-ին, եւ Արեւմուտքի պատվերով Վլադիմիր Պուտինը կձերբակալվի, հենց Երեւան մտնի: Եվ, ահա, ըստ ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի՝ Ազգային ժողովն է վավերացնում միջազգային պայմանագրերը, այսինքն՝ առանց խորհրդարանի հաստատման Հռոմի ստատուտը չի կարող ուժի մեջ մտնել: ՍԴ որոշումից հետո Հայաստանի կառավարությունն ունի երեք ամիս ստատուտի վավերացման հարցը խորհրդարան ուղարկելու համար:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմել էր ՀՀ կառավարությանը՝ հասկանալու համար, թե երբ է այն ուղարկվելու խորհրդարան: Հետաքրքիր է, որ կառավարությունը մեկ ամիս ժամկետ է խնդրել մեր հարցին պատասխանելու համար: Ինչպես նշեցինք, կառավարությունը երեք ամիս ուներ որոշում կայացնելու համար. մեկ ամիսն անցել է: Մեր տեղեկություններով՝ այս պահի դրությամբ իշխանությունները դեռեւս վերջնական որոշում չունեն կոնվենցիայի մասով, համենայնդեպս գործադիրը դեռ օրենսդիր մարմին չի ուղարկել ստատուտը:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում