ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միառժամանակ անհայտ … տաբատ կուլոտ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կուլոտները (ֆրանս. culotte «հետույք») ծնկի տակ ամրացվող կարճ տաբատներ էին, որոնք հիմնականում կրում էին միայն արիստոկրատները։ Կուլոտները հագնում էին գուլպաների և ճկվող կոշիկների հետ։ Նրանք նորաձևության մեջ են մտել Ֆրանսիայում 16-րդ դարում և փոփոխություններով գոյատևել մինչև 19-րդ դարը։ Մոտավորապես 1780 թվականին Կոմս դ'Արտուան է՝ Ֆրանսիայի ապագա թագավոր Կառլ X-ը, ներկայացրել թավշյա կուլոտները որպես ձիավարության հագուստ:


Չնայած ծագման ազնվականությանը, կուլոտները ժողովրդի մեջ են անցել պրուսական թագավորական բանակի զինվորի համազգեստի տեսքով, որն ամբողջությամբ կրկնում էր ազնվական կուլոտը՝ ներառում էր ծնկից ցածր կիպ տաբատ, կողքերին կոճակներով ամրացված: Կուլոտը, ինչպես և կամզոլը, բանակում դեղին, սպիտակ կամ կարմիր գույներով էին: Նրանց գույնը գործում էր որպես տարբերակիչ հատկանիշ հետևակային գնդերի կողմից համազգեստ օգտագործելիս:


Մինչև 18-րդ դարի վերջը կանանց տաբատի թեման իրականում գոյություն չուներ։ Բայց կային բացառություններ՝ օրինակ հանքերում աշխատող, ոստրե հավաքող կանանց համար։ Այդ բոլոր կանայք ունեին ծանր աշխատանք, և հազիվ թե որևէ մեկը առարկեր նման հագուստի դեմ: Կանացի օրիգինալ և ավանդական հագուստը զգեստն ու կիսաշրջազգեստն էր։ 


Իսկ ե՞րբ է կինը սկսել շահել տղամարդու տաբատ կրելու իր իրավունքները: Աշխարհի տարբեր երկրներում տեղի ունեցող բոլոր հեղափոխություններն իրենց հետ բերել են ոչ միայն պատերազմներ, այլ նաև հնարավորություն, որ կանայք նվաճեն իրենց իրավունքները։ Օրինակ Ֆրանսիական հեղափոխությունը (1789 - 1799) կանանց թույլ տվեց «շահել» տղամարդկանց պանտալոններ կրելու իրավունքը։


 Դեռևս 19-րդ դարում ձիավարությունը դարձավ աշխարհիկ տիկնանց հայտնի զվարճանքը և աստիճանաբար, անվտանգության նկատառումներից ելնելով, կանայք սկսեցին օգտագործել տղամարդկանց համար նախատեսված թամբեր: Այդպես էլ սկզբում ի հայտ եկան կիսաշրջազգեստները, իսկ ավելի ուշ կուլոտները՝ ձիավարության տաբատի և անջատված կիսաշրջազգեստի համադրությունը։ Հեծանվավազքը, որը ի հայտ եկավ 19-րդ դարի վերջին, մեծ տարածում գտավ հասարակության «բարձր» խավի տիկնանց շրջանում։ Այսպիսով, կիսաշրջազգեստը պետք է իր տեղը զիջեր ոմանց համար չափազանց կարճ տաբատին և  կուլոտները դարձան հեծանիվ վարելու նորմ:


20-րդ դարի սկզբին կանայք ավելի մեծ կարիք ունեին հագուստի, որը հարմար էր ակտիվ կյանքի համար։ Եթե ​​Կոկո Շանելը առաջ մղեց տաբատ կրելու գաղափարը, ապա Էլզա Սկիապարելին անընդհատ սպորտի համար հարմար հագուստ էր ստեղծում, այդ թվում՝ կիսաշրջազգեստ-տաբատ: Նրա հետ գրեթե միաժամանակ ամերիկացի կուտյուրիե Չարլզ Ջեյմսն է կուլոտ առաջարկել։ Կուլոտներ մասսայական սկսել են կրել 60-ականներին, իսկ հետո 90-ականներին, երբ ցուցադրվեց Ջիլ Սանդերի կուլոտների հավաքածուն։


Ներկայումս էլ կուլոտը տեղ ունի շատերի զգեստապահարանում: Դրանք հայտնվում են բազմաթիվ հավաքածուներում, համադրված են տարբեր բլուզների, վերնաշապիկների, բաճկոնների ու սվիտերների հետ։ Կուլոտները պատրաստվում են պարզ գործվածքից, թափանցիկ, մետաքսե և խիտ գործվածքներից, վառ, փափուկ պաստելով և զուսպ գունապնակով։ Մետաքսե կուլոտները հարմար են ամառային սեզոնին, կտրվածքով կուլոտները լավ համադրվում են սպորտային կոշիկների և սանդալների հետ, իսկ կարճեցված  կուլոտները կարելի է կրել բարձրակրունկ կոշիկներով: Կուլոտներն ավելի շատ նման են միդի կիսաշրջազգեստի, քան տաբատի, ուստի դրանք տեսք են տալիս շատերին:
 
Կ.Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular