Էրդողանը պատմել է առաջին թուրք տիեզերագնացի մասին, որը կթռչի ՄՏԿ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի առաջին տիեզերագնացը մինչեւ տարեվերջ կմեկնի Միջազգային տիեզերակայան, շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, հաղորդում է The Associated Press-ը:
Թուրքիայի ռազմաօդային ուժերի 43-ամյա օդաչու Ալփեր Գեզերավչին ընտրվել է որպես տիեզերքում Թուրքիայի առաջին քաղաքացի: Էրդողանն այս հայտարարությունն արել է Ստամբուլում անցկացվող տեխնոփառատոնի շրջանակում։ Սա նախագահի առաջին հրապարակային ելույթն էր երեքշաբթի հեռուստահարցազրույցի ժամանակ նրա վատառողջ լինելուց հետո: Նա ելույթ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Լիբիայի ժամանակավոր վարչապետ Աբդուլ Համիդ Դբեյբեհի հետ։
«Մեր ընկերը, որը կմասնակցի Թուրքիայում առաջին մարդատար տիեզերական թռիչքին, Միջազգային տիեզերակայանում կմնա 14 օր»,-ասել է Էրդողանը: Նրա խոսքով՝ թռիչքի ընթացքում տիեզերագնացը կանցկացնի 13 տարբեր փորձեր։
Թուրքական տիեզերական գործակալության կայքը Գեզերավչիին նկարագրում է որպես ռազմաօդային ուժերի 21-ամյա վետերան եւ F-16 օդաչու, որը սովորել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի տեխնոլոգիական ինստիտուտում: