ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևմուտքը վերջնականապես Ռուսաստանի ձեռքից խլում է ղարաբաղյան կարգավորման գործը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արևմուտքը վերջնականապես Ռուսաստանի ձեռքից խլում է ղարաբաղյան կարգավորման գործը, նախաձեռնողականությունը և արտգործնախարարների հանդիպում կազմակերպում Վաշինգտոնում։

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մեկնել է Միացյալ նահանգներ, որտեղ նախատեսված է անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը։

Պաշտոնական Երևանն ու Բաքուն մանրամասներ չեն հայտնում, մինչդեռ ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով ԱՄՆ –ում իրենց դիվանագիտական աղբյուրները, հայտնում են, որ Վաշինգտոնը փորձելու է հասնել տարաձայնությունների հաղթհարմանն ու խաղաղության Ճանապարհային քարտեզի մշակմանը, ընդ որում նշվում է, թե՝ Միրզոյանի ու Բայրամովի հանդիպումը կարող է տևել մի քանի օր։

Ճանապարհային քարտեզի վերաբերյալ առաջինը Հայաստանում հենց մեր լրատվամիջոցն էր հայտնել ՝ նշելով, որ այս կերպ Արևմուտքը փորձում է իր ձեռքը վերցնել կարգավորումը՝ դրանից դուրս մղելով Ռուսաստանին։ Դեռևս դեկտեմբերին հայկական կողմը հրաժարվել էր Մոսկվայում մասնակցել արտգործմնախարարների հանդիպմանը վերջին պահին։ Տևական ժամանակ ռուսական կողմը փորձում էր հանդիպումներ կազմակերպել, իսկ օրեր առաջ էլ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան էր ընդգծել, թե աշխատում են արտգործնախարարների հանդիպում կազմակերպելու վրա։

Փաստացի հայկական կողմը մինչև վերջ խուսանավելով և պատրաստակամություն հայտնելով հանդիպել Մոսկվայում, փոխարենը ամեն ինչ արել է, որպեսզի հանդիպումը կայանա հենց Վաշինգտոնում՝ Արևմուտքի հովանավորությամբ։

Ադրբեջանական «Թուրան» գործակալությունը նշում է, որ եթե Վաշինգտոնում բանակցությունների ընթացքում հաջողվի խաղաղության ճանապարհային քարտեզը մշակել, ապա գործը կավարտի Եվրոպան՝ ընդունելով Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին, որպեսզի մի քանի շաբաթվա ընթացքում կնքվի խաղաղություն պայմանագիրը։ Ընդհուպ նշվում է, որ հանդիպումը կարող է կայանալ Մոլդովայի մայրաքաղաք Քիշինևում։ Սա ևս խորհրդանշական է՝ հաշվի առնելով Մոլդովայի չափազանց վատ հարաբերությունները Ռուսաստանի հետ։

Ուշագրավ մեկ այց էլ այս օրերին կայանում է և կրկին՝ Վաշինգտոն։ Այնտեղ է մեկնել Ազգային ժողովի փոխնախագահ, հայ-թուրքական հարաբերություններում հայկական կողմի բանագնաց Ռուբեն Ռուբինյանը։ Թուրքական կողմից առայժմ որևէ տեղեկություն չկա, սակայն նշվում է, որ Ռուբինյանն այնտեղ հանդիպումներ է անցկացնելու ամերիկյան կողմի հետ՝ քննարկելով հատկապես հայ- թուրքական կարգավորման գործընթացը։ Չի բացառվում, որ ինչ որ պահի նրան այնտեղ միանա նաև թուրքական կողմի բանագնաց Սերդար Քըլըչը և ևս առարկայական ինչ-որ պայմանավորվածությունների հանգեն։

Ըստ էության Արևմուտքը ջանում է թե՛ հայ–թուրքական կարգավորումը և թե՛ հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը իրականացնել միաժամանակ մեկ հունով և բացառապես Արևմուտքի «քավորությամբ»։ Ռուսաստանին մնալու է միայն նեղսրտած հայտարարություններ անելը։

Աննա Մնացականյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular