ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայում որևէ դրական փոփոխություն Հայաստանի հանդեպ չկա․ Ռուբեն Մելքոնյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ պատվիրակության այցը Թուրքիա արտառոց չէ, կարելի է այն համարել արարողակարգային։ Այս մասին այսօր ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց թյուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

«Որքանով ինձ հայտնի է, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության շրջանակներում է և առաջին անգամ չէ, որ ՀՀ տարբեր պաշտոնյաներ այդ կառույցի միջոցառումներին մասնակցելու համար այցելում են Թուրքիա»,- ասաց նա։

Մելքոնյանի խոսքով՝ այցի հետ կապված դրականն այսքանով ավարտվում է․ «Այցը ունի նաև այլ կոմպոնենտներ, մասնավորապես՝ քաղաքական կոմպոնենտ և իրավական կոմպոնենտ։ Մեր պատվիրակության այցը, կարծում եմ, փորձելու է իշխանությունը ևս մեկ շտրիխով ավելացնել խաղաղության կեղծ օրակարգին՝ նշելով, որ պետությունների միջև բնականոն հարաբերությունների զարգացման ուղղությամբ անում են քայլեր, բայց սա հերթական ինքնախաբեությունն է, ջայլամային քաղաքականությունն է, որովհետև Ալեն Սիմոնյանի այցը և նրա հավանական ելույթը չի կարող որևէ էական բեկում մտցնել և չի կարող Հայաստանի շահերին էականորեն նպաստել»։

Նա ընդգծեց, որ Հայաստանը հիմա իրեն դրել է այնպիսի իրավիճակում, որ չունի դիմադրողականության որևէ ռեսուրս, իսկ Թուրքիան ավելի է ագրեսիվացրել իր քաղաքականությունը, դրա դրսևորումները մենք այսօր էլ տեսնում ենք։  

«Հետևաբար այդ ամենը կմնա զուտ արարողակարգային, ինձ համար այցը ունի զրոյական նշանակություն, իսկ իշխանական քարոզչամեքենայի ջանքերը՝ ներկայացնել սա որպես գերհզոր դիվանագիտության դրսևորում, ուղղակի դատապարտված են։ Ենթադրում եմ իրենք այս ամենը փորձելու են իրենց սատարող հասարակությանը ներկայացնել որպես լուրջ քայլեր, իսկ իրականում Հայաստանը շարունակում է գահավիժել, Հայաստանը շարունակում է չունենալ որևէ ռեսուրս դիմակայել թուրքական սպառնալիքներին և Հայաստանի այս պահի իշխանության բոլոր պատասխանատուները, ըստ էության, անկարող են իրականացնել օրենքով իրենց վրա վերցված պարտականությունները, այն է՝ ապահովել Հայաստանի անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և այլն»։

Անդրադառնալով Չավուշօղլույի հայտարարությանը՝ հայկական ինքնաթիռների՝ Թուրքիայի օդային տարածքով անցնելու արիգելքի մասով, թյուրքագետը նշեց․ «Չավուշօղլու հիմնավորումը ներկայացված է, որ ի պատասխան Նեմեսիսին նվիրված արձանին, Թուրքիան փակում է Հայաստանի օդային սահմանը։ Սա առաջինհերթին ապացույցն է, որ Թուրքիայում որևէ դրական փոփոխություն Հայաստանի հանդեպ չկա և նույն թշնամական քաղաքականությունը շարունակվում է, ուղղակի իրենց պետք են առիթներ, կեղծ հիմնավորումներ, որ նրանք կարող են գտնել։ Այդ արձանի բացումը, փաստորեն, դարձրել են ևս մեկ առիթ իրենց թշնամական քաղաքականությունը իրականացնելու համար»։

Նրա խոսքով՝ նույն տրամաբանությամբ այդպիսի պահանջ կարող է Թուրքիան դնել օրինակ Ծիծեռնակաբերդի հուշարձանի հետ կապված։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular